loading...

Էրդողանի հերթական հակահայկական ուղերձը Բաքվից․ ինչի՞ վրա է կառուցվում Ալիևի ու Էրդողանի մարտավարությունը



Դիտումներ ` 698
Էրդողանի հերթական հակահայկական ուղերձը Բաքվից․ ինչի՞ վրա է կառուցվում Ալիևի ու Էրդողանի մարտավարությունը

Բաքվում պաշտոնական հանդիպման արարողությունից հետո երեկ կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Հայտնի է, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է երկու երկրների ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Էրդողանի պատվիրակության կազմում է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Երկու երկրների ղեկավարները ներկա են գտնվել ռազմական շքերթին: Ի դեպ, շքերթը նվիրված է «բոլշևիկա-դաշնակցական օկուպացիայից Բաքվի ազատագրման 100-ամյակին»:

Շքերթի ժամանակ ունեցած ելույթում Էրդողանը հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր չէ բացել Հայաստանի հետ երկրի սահմանները և Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: «Առանց հակամարտության կարգավորման, առանց իրենց հայրենի տներ փախստականների վերադարձի չի կարող անգամ խոսք գնալ սահմանների բացման և որևէ տեսակի հարաբերությունների հաստատման համար»,- ասել է Էրդողանը։

Իհարկե, Էրդողանի այս հայտարարությունը որևէ կերպ անակնկալ համարել չի կարելի․ Ադրբեջան այցելող Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների նման հայտարարությունները դարձել են սովորական ու գրեթե բառացի կրկնվում են թուրք-ադրբեջանական բոլոր հանդիպումների ժամանակ։



Հայ-թուրքական երկխոսության նախադրյալներ այս պահին գոյություն չունեն՝ առաջին հերթին այն պատճառով, որ Թուրքիայի ղեկավարության քաղաքականությունը չունի ինտեգրացիոն ռեսուրս և այդ երկիրը սուր հակադրության մեջ է Արևմուտքի հետ՝ ավելի հաստատուն տեղ ունենալով քաղաքակիրթ աշխարհի լուսանցքում։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պամական հնարավորություն կար 2009-ին, երբ այդ հարցը գտնվում էր նաև միջազգային խաղացողների առաջնահերթությունների օրակարգում։ Այսօր արմատապես փոխվել է իրավիճակը և Երևանը վաղուց որևէ ազդակի չի սպասում Անկարայից՝ թեև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Հարկ է նկատել, որ Փաշինյանի հայտարարությունը բավականին դրական արձագանք է գտել Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակներում։

Մյուս կողմից՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կորցրել է ակտուալությունը նաև Երևանի համար։ Եթե տարիներ առաջ դրանք դիտարկվում էին Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի համատեսքստում, ապա հիմա վիճակն արմատապես փոխվել է՝ Եվրամիության ու Թուրքիայի հարաբերություններում առկա, ըստ էության, անհաղթահարելի ճգնաժամի հետևանքով։

Մյուս կողմից՝ թուք-ադրբեջանական հարաբերությունները էական են նաև ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում։ ԼՂ խնդրում Անկարան իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին, սակայն այս հանգամանքն էլ որևէ կիրառական ազդեցություն չունի կարգավորման գործընթացի վրա։


Այլ խնդիր է, որ Անկարան ու Բաքուն հետևողականորեն հետամուտ են ԼՂ խնդրի կարգավորման ձևաչափի վերանայմանը, այն Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի եռակողմ սեպարատ համաձայնությունների դաշտ տեղափոխելու հեռանկարին։ 2015-16 թթ-ին Մոսկվան ակնհայտորեն խրախուսում էր թուրք-ադրբեջանական այդ մտադրություններն, ինչը հանգեցրեց 2016-ի ապրիլյան պատերազմին։ Ինչքան էլ Էրդողանն ու Ալիևը հետամուտ են 20116-ի ստատուս-քվոյի վերականգնմանը՝ ակնհայտոևրեն դա այս պահին չի մտնում Մոսկվայի առաջնահերթությունների մեջ, ինչը մի քանի անգամ ակնարկել է Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի նախագահ էրդողանի հետ ունեցած հանդիպումների ժամանակ։ Ի դեպ, ուշագրավ է, որ արդեն վաղը սիրիական օրակարգով Թուրքիայի նախագահը հերթական հանդիպումն է ունենալու Ռուսատանի առաջնորդի հետ։

Ակնհայտորեն ադրբեջանա-թուրքական տանդեմը հույսը դրել է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամի վրա, որի հիմնական շահառուն, անշուշտ, Բաքուն է։ Սակայն չենք կարծում, որ աշխարհաքաղաքական այսօրվա բարդ իրավիճակում հնարավոր լինի 2016-ի ստատուս-քվոյի վերականգնման հնարավորությունը։ Նախ՝ Մոսկվայում լուրջ մտավախություններ ունեն, որ այդ պարագայում վերջնականապես կարող են վտանգել իրենց ազդեցությունը Հայաստանում, բացի այդ՝ արևմտյան պատժամիջոցներն էապես սահմանափակել են Ռուսաստանի ու Թուրքիայի մանևրելու հնարավորությունները, մանավանդ որ նրանք առայժմ չեն կարողանում լիակատար կոնսենսուսի հանգել սիրիական հարցում։

Այս համատեքստում վստահաբար կարելի է պնդել, որ Բաքվում Էրդողանի հայտարարությունն ավելի շատ քարոզչական էֆեկտ ունի՝ առանց կիրառական հետևանքերի։


loading...

Փակել