loading...

Եռաբլուրում ամենահուզիչը դա էր․ Քյարամի մայրը



Դիտումներ ` 1644
Եռաբլուրում ամենահուզիչը դա էր․ Քյարամի մայրը

Գորիսում քաղաքից կտրված մի տարածք կա, որը կոչվում է Թոզկապ։ Թոզը բարբառային է, որը նշանակում է փոշի։ Այդտեղ համարյա միշտ քամի է ու ահռելի ուժով փոշին բարձրացնում է օդ։

Թոզկապում ննջեցյալներն են։ Մի հետաքրքիր բան կա այդտեղ, որ միշտ գրավել է ուշադրությունս։ Սովորաբար, երբ գնում եմ այնտեղ, տեսնում եմ, որ բոլոր գերեզմանների վրա ծաղիկ կա։ Ու հետաքրքիրն այն է, որ մի օր պարզեցի, թե ինչու է դա այդպես։ Քամի է բարձրանում, հատկապես երեկոյան ժամերին, սոսկալի քամի, ու իր թևերով ծաղիկները անփույթ բաժանում բոլորին։



Ինչպե՜ս կարելի է չսիրել այդ քամուն։

Երեկ ապրիլերկուսյան հերոսների սրբացման օրն էր։ Քյարամ Սլոյանի մայրը՝ Նվարդը, ինձ կրկին հիշեցրեց Թոզկապի քամին։ Նա մոտենում էր պատերազմին զոհ դարձած 18-20 տարեկան զինվորների շիրիմներին, մաքրում քարերի փոշին, համբուրում ու մղկտում՝ բոլորն էլ իմ երեխեքն են։ Քամու, բնության պես տարբերություն չէր դնում՝ բոլորն իրենն են․․․

Ու ինչպես բնությունն ազգություն չունի, բոլորին բաշխում է հավասար, Նվարդն էլ այդպիսին է՝ մայրական սիրով շռայլ․․․ Ազգությամբ եզդի Նվարդը այնքա՜ն հայ է․․․ Ապրիլերկուսյան հերոսների ընդհանրական մայրը․․․ Եռաբլուրում ամեն ինչ հուզիչ էր, բայց ինձ համար ամենահուզիչը դա էր․․․


Հիշեցնենք, որ Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։

http://Hraparak.am


loading...

Փակել