ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցերին:
Նման ձևաչափով հանդիպումները սովորական բնույթ են կրում, մանավանդ` Իրանը Հայաստանի երկու հարևան պետություններից մեկն է, որի հետ մեր եկիրն ունի բարեկամական, բնականոն հարաբերություններ:
Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարի և Իրանի դեսպանի այսօրվա հանդիպումը չի կարելի դիտարկել զուտ արարողակարգային համատեքստում, եթե հաշվի առնենք այն պայթունավտանգ իրավիճակը, որ ստեղծվել է հայ-ադրբեջանական առաջնագծի նախիջևանյան հատվածում: Եվ բնավ պատահական չէ, որ Դավիթ Տոնոյանն ու Սեյեդ Քազեմ Սաջադին հանգամանալից անդրադարձել են հատկապես տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցերին:
Վերջին օրերին հայ-ադրբեջնական սահմանի նախիջևանյան հատվածում ստեղծվել է պայթունավտանգ իրավիճակ, որը կարող է դուռ բացել նոր պատերազմի համար` էապես փոխելով տարածաշրջանային ստատուս-քվոն:
Նախիջևանի ռազմականացման հեռանկարը, ինչին հետևողականորեն ձգտում է Ալիևի իշխանությունը, կենսականորեն հարվածում է Հայաստանի և Իրանի շահերին` մեր երկրներին դարձնելով դաշնակիցներ նոր պատերազմի կանխման հարցում: Հայաստանի պաշտպանության նախարարի և Իրանի դեսպանի այսօրվա հանդիպումն այդ իրողության դիվանագիտական ամրագրումն է:
Թեհրանն իրականում չափազանց մեծ, շատ դեպքերում` լատենտ ներկայություն ունի Նախիջևանում, ինչը ենթադրում է, որ կարող է որոշակի ազդեցություն գործել Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության վրա:
Իրանով է անցնում Ադրբեջանը Նախիջևանին կապող ամենակարճ ցամաքային կապը և կարելի է ենթադրել, թե այդ հանգամանքը ռազմավարական ինչպիսի զենք է Թեհրանի ձեռքերում: Իրանն է Նախիջևան հասնող գազի հիմնական մատակարարը, ինչը ինքնին հուշում է, որ ինքնավար հանրապետության տնտեսությունը հիմնականում կախված է հենց իրանական մատակարարումներից:
Եթե իրանցիները արգելեն իրենց զբոսաշրջիկներին մուտք գործել Նախիջևան, ապա Նախիջևանի զբոսաշրջային ինդուստրիան, որի մեջ զգալի ներդրումներ են արվել, հայտնվում է փակուղու առջև: Այսպես կարելի է երկար թվարկել այն քաղաքական և տնտեսական գործիքները, որոնց միջոցով Իրանը կարող է ազդել Նախիջևանի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա:
loading...