loading...

Էջմիածնում կկազմակերպվի ակցիա՝ ընդդեմ Գրիգորյանների․ Կարեն Գրիգորյանը սպառնացել է մասնակիցներին



Դիտումներ ` 1603
Էջմիածնում կկազմակերպվի ակցիա՝ ընդդեմ Գրիգորյանների․ Կարեն Գրիգորյանը սպառնացել է մասնակիցներին

Էջմիածնում նախատեսվում է անցկացնել բողոքի ակցիա՝ ընդդեմ Գրիգորյանների։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր մոտ է կանչել բոլոր մանկապարտեզների և դպրոցների մանկավարժներին ու խիստ հրահանգել նրանց՝ չմասնակցել հանրահավաքին։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Կարեն Գրիգորյանը սպառնացել է ուսուցիչներին և հրահանգել չմասնակցել հավաքին․ հակառակ դեպքում՝ կզրկվեն աշխատանքից։

Քաղաքացիները, ովքեր ահազանգել են մեզ խնդրի մասին, առայժմ չեն ցանկանում բացահայտվել և խնդրել են իրենց անունները չհրապարակել, քանի որ վախենում են Գրիգորյանների վրեժխնդրությունից։ Ու այս վախի մթնոլորտը կշարունակի Էջմիածնում տիրել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը Գրիգորյանների ձեռքին է։

 



Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ «Թավշյա հեղափոխությունը» Էջմիածնի կողքով է անցել՝ առանց քաղաք մտնելու։ Ու եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզում է երկրում իրադրություն փոխվի, ապա պետք է որ աջակցի նաև Գրիգորյանների դեմ բողոքի ակցիա կազմակերպած էջմիածինցիներին և օգնի նրանց ազատվել Մանվել Գրիգորյանի ու նրա մերձավորների «լծից»։

Համենայնդեպս էջմիածինցիները վստահում են վարչապետին այդ հարցում ու հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը կանգնելու է իրենց կողքին և նպաստելու է, որ յուրաքանչյուր էջմիածինցի լինի իր քաղաքի տերը։ Այնպես որ՝ բոլորը պետք է մեկ մարդու նման մասնակցեն հանրահավաքին։

Հավաքի առիթով տարածված հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ․

 


«Արժանապատիվ էջմիածնեցիներ, մեր քաղաքը պետք է ազատագրվի բռնապետերից ու թալանչիներից: Դիմում եմ Էջմիածին քաղաքի բնակիչներին, եկեք այստեղ ու ցույց տվեք, որ դուք էլ եք դժգոհ Մանվելի կլանից:

Մեր քաղաքի տերը մենք ենք, քայլ արա և հունիսի 14-ին ժամը 18:00 Էջմիածնի կենտրոնական հրապարակում միացիր հանրահավաքին: Պահանջում ենք Կարեն Գրիգորյանի հրաժարականը և ցանկանում ենք արտահերթ ընտրություններ Էջմիածնում:

Արժանապատիվ էջմիածնեցիներ, մենք ենք տերը մեր քաղաքի, ձախողված քաղաքական գործիչներ, թալանչիներ, բռնապետեր Հայաստանը չպետք է ունենա:

Դե ինչ, Կարեն, հեռացի՛ր…»:


loading...

Փակել