loading...

Դատախազության վճռորոշ բողոքը. Նիկոլ Փաշինյանի շրջադարձային կետը



Դիտումներ ` 485
Դատախազության վճռորոշ բողոքը. Նիկոլ Փաշինյանի շրջադարձային կետը

Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարանի դեմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան կալանքից ազատելու գործի կապակցությամբ, որ օրերս բավարարվել էր Վերաքննիչ դատարանում և դարձել մի շարք նոր զարգացումների պատճառ:

Անկասկած է, որ դրանցից էին նաև օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում վարչապետի 100 օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքում նրա ելույթի ընթացքում հնչած առաջարկները, մասնավորապես՝ անցումային արդարադատության կառույցների հարց քննարկելու մասին: Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կքննարկվի այդ հարցը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի դատաիրավական համակարգում կա նախկին համակարգի որոշակի ազդեցության պահպանում, միաժամանակ Հայաստանում էլ կան օրենսդրական խնդիրներ նախկինում կատարված հանցագործությունները, ապօրինի հարստացման դեպքերը լիարժեք բացահայտելու տեսանկյունից:

Նիկոլ Փաշինյանի ելույթում այդ շեշտադրումները անշուշտ ուղիղ արձագանք էին Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ որոշմանը, ինչպես նաև դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը, որն էլ իր հերթին բերեց նախկին համակարգից, այդ թվում երկու ուժերի՝ ՀՀԿ և ՀՅԴ շրջանակներից սատարող հայտարարությունների: Դա թույլ տվեց խոսել «հակահեղափոխության» ուժեղ բևեռի ձևավորման մասին:

 



Իհարկե, դրա մասին խոսակցությունները թերևս ավելի չափազանցված են, քան իրականում եղած պատկերը, հնարավորություններն ու հեռանկարներն են, սակայն ակնառու է, որ տեղի ունեցածը խթանեց ու գեներացրեց լիովին նոր զարգացումներ, և ըստ էության կարող ենք ասել, դատելով հանրահավաքից ու Նիկոլ Փաշինյանի շեշտադրումներից, որ կատարվածը փաստորեն ստեղծեց հեղափոխության երկրորդ փուլի կամ ալիքի մասին հայտարարելու միջավայրը:

Սա իրադարձությունների, այսպես ասած, ինքնահո՞ս ընթացք էր, թե՞ բավականին հմուտ ու ոսկերչական հաշվարկ՝ իհարկե, բավական բարդ է գնահատել հստակ, սակայն այս փուլում արդեն դատախազության բողոքարկման հանգամանքը կարող է դառնալ բավականին ուշագրավ շրջադարձային կետ: Այդպիսով, դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացնելու, որը բավարարելու դեպքում նորից առաջանալու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդիր: Եթե Վճռաբեկ բողոքը բավարարվի, ապա հարց է առաջանում, թե ինչ է անելու երկրորդ նախագահը՝ նա հեռանալո՞ւ է Հայաստանից, այսինքն՝ ընտրելու է կալանքից խուսափելո՞ւ տարբերակը, թե՞, ինչպես հայտարարել էր, պատրաստ է դարձյալ հայտնվել բանտում և դառնալ «քաղբանտարկյալ»:

 


Հասկանալի է՝ թե՛ այս, թե՛ մյուս պարագայում իրավիճակը ստանում է նոր երանգ թե՛ իրավական, թե՛, առավել ևս, քաղաքական իմաստով՝ անկախ նրանից, թե որ տարբերակը կընտրի Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ կլինի, եթե Վճռաբեկը չբավարարի դատախազության բողոքը և ուժի մեջ թողնի Վերաքննիչ դատարանի որոշումը: Արդյո՞ք այդ որոշումը կլինի, այսպես ասած, այն կետը, որի վրա հենվելով էլ Նիկոլ Փաշինյանն արդեն կհայտարարի, որ դատաիրավական համակարգը այլևս չի կարողանում համարժեք լինել թավշյա հեղափոխության ու ժողովրդական ուղիղ կառավարման խնդիրներին, և անցումային արդարադատության մարմինների ձևավորումը այլևս անխուսափելի անհրաժեշտություն է:

https://www.1in.am/2410347.html


loading...

Փակել