loading...

Ծնողները հրաժարվել են նորածին երեխայից. բավական չէ աղջիկ է, նաեւ ճողվածքով է ծնվել



Դիտումներ ` 1594
Ծնողները հրաժարվել են նորածին երեխայից. բավական չէ աղջիկ է, նաեւ ճողվածքով է ծնվել

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Երեւանի ծննդատներից մեկում լույս աշխարհ եկած մի երեխայից ծնողները հրաժարվել են՝ նրան թողնելով բուժհաստատությունում: Երեխան ծնվել է առողջական խնդիրներով՝ ճողվածքով: Բացի այդ էլ, աղջիկ է: Ծնողները, իրենց քայլը պատճառաբանելով, դժգոհել են, որ տանը եւս երկու աղջիկ ունեն:

Երեխան, ինչպես մեզ հայտնի դարձավ, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ վիրահատության: Կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, պատասխանելով մեր հարցմանը, չհերքեց, որ նման դեպք է եղել, բայց նաեւ չհաստատեց: Նրա հետ զրույցից պարզ դարձավ, որ երեխայի ծնողներն իրենց հրաժարումը իրավաբանորեն դեռ չեն ձեւակերպել, հետեւաբար բուժհաստատության ղեկավարը նման պնդում անելու հիմք չունի: Նիկոլայ Դալլաքյանը նաեւ ընդգծեց, որ որոշակի դեպքի մասին խոսելու իրավասություն նույնպես չունի:

«Նախ ծնողի պաշտոնական հրաժարական այս պահին մենք չունենք, որովհետեւ անկախ այն բանից՝ երեխան առողջ է, թե արատավոր, կա պետության կողմից սահմանված հստակ գործելակարգ, եւ տվյալ դեպքում ծնողները պարտավոր են նոտարով հաստատված հրաժարական տրամադրել, ինչից հետո մենք բոլոր փաստաթղթերը ուղարկում ենք թաղապետարանի համապատասխան՝ անչափահասների հարցերով զբաղվող կառույց, այնտեղից գործն անցնում է քաղաքապետարան, քաղաքապետարանի հանձնաժողովի հաստատելուց հետո ուղարկվում է սոցապ նախարարություն եւ այնտեղ վերջնական որոշում ընդունվելուց հետո երեխան ամբողջությամբ անցնում է պետության խնամքին»,- սահմանված ընթացակարգը ներկայացնելով՝ ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:



Մեր հարցին, թե ճողվածքով ընդունված նորածինն արդեն վիրահատվե՞լ է, նա պատասխանեց. «Մենք այս պահին որեւէ կոնկրետ երեխայի մասին չենք խոսում, դրա համար ես կարող եմ ընդհանուր գործելակարգի կամ գործող օրենսդրության մասին ասել»: Հավելելով՝ Նիկոյալ Դալլաքյանը նշեց. «Մենք տարվա ընթացքում ունենում ենք նաեւ բազմաթիվ տարբեր արատներով երեխաներ: Որոշ դեպքերում ծնողները դիմում են ծայրահեղ այդպիսի միջոցի՝ հրաժարվում են երեխայից, այդ ժամանակ այդ բոլոր պրոցեսները անցնելուց հետո երեխան արդեն ուղարկվում է համապատասխան մանկատուն»:

Հարցին, թե իր ղեկավարած հաստատությունում տարեկան քանի՞ երեխայից են ծնողները հրաժարվում, Նիկոլայ Դալլաքյանը դարձյալ հստակ պատասխան չտվեց: «Շատ չեն: Չեմ կարծում, որ դա բոլորին հետաքրքրող բան է: Ամեն մի դեպքը յուրովի է, եւ ցանկացած երեխայից հրաժարվելու եւ նրան որդեգրելու պրոցեսը չի արվում մասսայական, չի արվում մամուլի միջոցով եւ այլն, որովհետեւ դա ամենաբարդ, ծանր, լրջագույն քայլերից է այդ ընտանիքների համար, եւ միշտ չէ, որ իրենք կարողանում են հանգիստ տանել այդ գործընթացը, որովհետեւ լինում են դեպքեր, ցավոք սրտի, երբ տարիներ հետո այդ նույն հրաժարված ծնողը՝ մայրը, կիսախելագար գալիս, աղաչում, պաղատում է, թե ինֆորմացիա տվեք իմ երեխայի մասին՝ առո՞ղջ է, ո՞ղջ է, մահացա՞ծ է, ո՞վ է որդեգրել:

Բայց մենք իրավունք չունենք որեւէ տեղեկություն տրամադրել, նույնիսկ եթե իմանանք, որովհետեւ մարդն արդեն այդ գիծը քաշել է, բոլոր իրավական փուլերը անցել է, եւ այդ փուլերից յուրաքանչյուրում պնդել է՝ այո՛, հրաժարվում եմ, այո՛, հրաժարվում եմ, ու երեխան արդեն իրենը չէ: Շատ երեխաներ էլ գտնում են իրենց ապագան նոր ընտանիքներում, եւ մենք այդ ընտանեկան կյանքը խաթարելու իրավասություն չունենք:


Մարդը հասուն տարիքում իր որոշումը ընդունել է եւ պետք է կրի այդ բեռը ամբողջ կյանքում: Երեխային թողնելուց հետո շատ ընտանիքներ էլ քայքայվում են, մայրը շատ ժամանակ չի ներում ամուսնուն եւ հարզատներին՝ նման քայլ կատարելուց հետո: Այնպես որ սա լրջագույն բարոյահոգեբանական խնդիր է, որը ծագում է իրավաբանորեն հրաժարվելուց հետո, լրջագույն սթրես է, դրա համար այս թեմային շատ լուրջ վերապահումներով եւ շատ զգուշությամբ եմ վերաբերվում»,- նկատեց բուժհաստատության տնօրենը:

Ինչ վերաբերում է հարցին, թե նորածնի ճողվածքը լուծելի՞ խնդիր է, ու հետագայում բարդություններ չե՞ն կանխատեսվում, բժիշկը պատասխանեց. «Դա լուծելի խնդիր է: Որոշ դեպքերում երեխան, ժողովրդական խոսքով ասեմ, կարող է լինել հարյուր տոկոսանոց, որոշ դեպքերում լինում են բարդություններ՝ ուղեղում հեղուկ կուտակվելով կամ այս կամ այն նեւրոլոգիական դեֆիցիտով:

Մինչեւ այդ ճանապարհը չես անցնում՝ չես վիրահատում, չես բուժում, որեւէ մեկը չի կարող ասել արդյունքը, ինչպես որ ցանկացած նորածին, երբ որ ծնվում է, որեւէ մայր, թեկուզ իր երեխան ամենաիդեալականը թվա, չի կարող ասել՝ մեկ տարեկանում նա մայրիկ ասելո՞ւ է, կամ հինգ տարեկանում՝ ոտանավոր, լինելու է մտավոր զարգացած անձ, ապագայում հանճա՞ր, թե՞ հանցագործ: Ամեն ինչը, ի տարբերություն մեծերի, նորածնի մոտ երեւում է ժամանակի, ու այն էլ՝ երկար ժամանակի, երկար զարգացման ընթացքում»:

http://armtimes.com/hy/article/131146


loading...

Փակել