loading...

Ծառուկյանը Քոչարյանին ասում է «ոչ», և ակնարկում Փաշինյանին



Դիտումներ ` 855
Ծառուկյանը Քոչարյանին ասում է «ոչ», և ակնարկում Փաշինյանին

Գագիկ Ծառուկյանն այսօր մասնակցել է Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին, սակայն հանդես է եկել մի քանի ուշագրավ քաղաքական հայտարարություններով, որոնք, անշուշտ, կարևոր երանգ են հաղորդում առաջիկա ընտրական գործընթացին։ Խոսքն, իհարկե, միայն Երևանի ավագանու ընտրության մասին չէ, այլ առավելապես ու առաջին հերթին՝ խորհրդարանական ընտրությունների, որոնք համակարգաստեղծ նշանակություն ունեն։

Ծառուկյանի խոսքով` իրենք, որոշել են այս անգամ մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին քանի որ հիմա «նոր Հայաստան է»։ Հետաքրքիր է «նոր Հայաստանի» շեշտված ընդգծումը ԲՀԿ առաջնորդի խոսքում․ Ծառուկյանը իր թիմին հատուկ ինտեգրում է նոր իրականությանը՝ ցույց տալու համար, որ ԲՀԿ-ն որևէ կերպ չի աղերսվում հակահեղափոխական ռևանշի նկրտումների հետ ու Նիկոլ Փաշինյանի նոր համակարգում իր համար կարևոր դերակատարություն է պատկերացնում։

Այս համատեքստում խիստ կարևոր նշանակություն ունի Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն միտքը, թե իրենց օրակարգում չկա Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարց։ Քոչարյանի քաղաքական գործոնի ակտիվացումից հետո Գագիկ Ծառուկայնի ու նրա թիմի նման դիրքավորումը անչափ մեծացրել է ԲՀԿ-ի քաղաքական պահանջարկվածությունը Նիկոլ Փաշինյանի թիմի համար։ Նախ՝ ԲՀԿ-ի դիրքորոշման հետևանքով երկրորդ նախագահը զրկվում է ռևանշիստական ծրագրի իրականացման կիրառական հնարավորությունից, որովհետև զրկվում է խորհրդարանում մեծամասնություն ունենալու և հեղափոխության, այսպես ասած, չեղարկման պալատական գործընթաց նախաձեռնելու հնարավորությունից։ Բացի այդ, ԲՀԿ-ն Փաշինյանի համար կատարում է անվտանգության բարձիկի դեր՝ մոտավորապես այն նույն ֆունկցիան, ինչը կատարում էր Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։

Ծառուկյանը պրագմատիկ մարդ է ու, բնականաբար, առաջիկա ընտրություններից ակնկալում է ոչ թե քաղաքապետի պաշտոն կամ մեծամասնություն խորհրդարանում, որոնք այս պահին գործնականում անլուծելի խնդիրներ են, այլ՝ Փաշինյանի ստեղծած համակարգում անվտանգության բարձիկի դերակատարության ամրագրում, որը կուսակցության համար ամրապնդում է երկրորդը լինելու հեռանկար՝ նրան ինտեգրելով նոր Հայաստանի ինստիտուցիոնալ, քաղաքական իրողություններին։ 



Պատահական չէ, որ այսօր ԲՀԿ առաջնորդը Փաշինյանին տողատակով հիշեցրել է, որ հենց իր խմբակցությունն է ապահովում նրա իշխանության լեգիտիմությունը։ «1/3-ը ԲՀԿ-ն է տվել Նիկոլ Փաշինյանին, որ լեգիտիմ լինի։ Մենք իրար հետ քննարկում ենք և ուզում ենք ժողովրդի հույսն ու հավատն իրականացնենք»,- նշել է նա։ Գուցե Ծառուկյանը ակնարկում է, որ հաջորդ խորհրդարանում իր թիմի համար ակնկալում է հենց 1/3-ի ներկայություն, ինչը կնյութականացնի նրա ավանդը Քոչարյանի գործոնի չեղարկման գործընթացում։

Գագիկ Ծառուկյանը հրաշալի հասկանում է, որ հիմա ամենապատեհ ժամանակն է, որպեսզի ինքը խաղարկի Քոչարյանի հարցում իր ռացիոնալ մոտեցումը՝ սեփական բիզնեսի անվտանգության ու կուսակցության քաղաքական հեռանկարի հարցերը լուծելու համար, մանավանդ, որ «Լույս» դաշինքի ստեղծումից հետո շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ թե Երևանի և թե խորհրդարանական ընտրությունների համատեքստում կարող է լուրջ մրցակցություն ընթանալ նորաստեղծ միավորման ու ԲՀԿ-ի միջև՝ երկրորդ տեղի համար։ Տվյալ պարագայում՝ երկրորդ քաղաքական ուժի դերակատարությունը չափազանց մեծ է, որովհետև մի կողմից՝ այն իշխանությանը թույլ է տալու բաց առճակատման մեջ չմտնել հակահեղափոխության հետ, մյուս կողմից՝ հանրությունը հենց այդ ուժի մեջ է տեսնելու այլընտրանքային այն սեգմենտին, որը վաղվա պոտենցիալ իշխանությունն է։

Թերևս սա է պատճառը, որ ԲՀԿ-ն բծախնդիր կերպով պատրաստվում է ընտրություններին։ Ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն ներկայացրել է ամենամեծ ցուցակը՝ 195 թեկնածու, որն օրենքով նախատեսված առավելագույն շեմն է։ ԲՀԿ ցուցակը գլխավորում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որին հաջորդում են Պետրոս Ղազարյանը, Արման Աբովյանը, Միքայել Մանրիկյանը, Արմեն Ներսիսյանը: Ինչպես տեսնում եք՝ բացակայում են օդիոզ կամ օլիգարխիկ դեմքերը․ կուսակցությունը փորձում է հանրությանը ներկայանալ հնարավորինս քաղաքակիրթ դեմքով՝ նոր Հայաստանի իրողություններին ադեկվատ։

Միևնույն ժամանակ՝ ԲՀԿ-ն փորձելու է ցույց տալ իր քաղաքական կշիռը, ինչու ոչ՝ նաև կենդանի կապը փողոցի հետ։ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացուցչական կոնֆերանս կազմակերպել, որին հրավիրված են լինելու նաև արտասահմանյան հյուրեր:


Այդ կոնֆերանսի ժամանակ խոսվելու է ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի զարգացման հեռանկարային ծրագրերի մասին, ներկայացվելու են Հայաստանի տնտեսության զարգացմանը ուղղված մի քանի խոշոր ներդրումային նախագծեր, որոնց մի մասը՝ օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ։

Կրեատիվ կուսակցության իմիջին զուգահեռ՝ Ծառուկյանը փորձում է ցույց տալ, որ տիրապետում է նաև փողոցին, պայքարի այն միջոցներին, որոնց հաճախ դիմում է Նիկոլ Փաշինյանը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ: Ակցիան տեղի կունենա երկուշաբթի առավոտյան: Համացանցում տարածված տեսանյութից, որի հեղինակը նախկինոմ «Առինջ մոլի» ակցիաները կազմակերպած ԲՀԿ անդամ Արմեն Ներսիսյանն է, ով Երևանի ընտրություններում կուսակցության ցուցակի 5-րդ համարն է, պարզ է դառնում, որ բողոքն ուղղված է հագուստի ներկրման դեպքում ծառայությունների գների թանկացմանը: Մաքսային սահմանն անցնելիս հագուստ ներկրողների համար մեկ կիլոգրամի հաշվով ծառայության արժեքն ավելացել է 2 դոլարով: Այս հարցը ԱԺ արտահերթ նիստում օրերս բարձրացրել էր նաև Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նշելով, որ գործարարներից բազմաթիվ բողոքներ են ստացել: Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածած տեսանյութում «Առինջ մոլի» աշխատակիցներին հրահանգվում է թավշյա ու խաղաղ ցույց անել կառավարության շենքի մոտ, որևէ միջադեպ չհրահրել, մինչև վարչապետը կընդունի իրենց:

Այս ամենը ԲՀԿ նոր ընտրական մարտավարության բաղադրիչներն են, այնուամենայնիվ՝ դեռևս պարզ չէ, թե հետհեղափոխական առաջին ընտրություններում ինչքանով արդյունավետ կլինի կուսակցության վարքագիծը։ Սա ԲՀԿ-ի առաջին ընտրություններն են, որոնց նա մասնակցում է իշխանության կոնստրուկցիայից դուրս՝ առանց «տաս հազար դրամների» գործոնի։ Իսկ դա ենթադրում է, որ պետք է գտնվեն էլետորատին կոնսոլիդացնելու այլ գործիքներ։ Կուսակցությունը մի դրական քայլ կատարել է՝ սահմանազատվելով Քոչարյանից, սակայն նոր ձևավորվող համակարգի առանցքային սեգմենտ դառնալու համար դա բավարար չէ․ անհարաժեշտ է նաև սեփական այցեքարտ, որը հասարակության մոտ կառաջացնի այլընտրանքի ասոցացիա։


loading...

Փակել