loading...

Բռնապետության արյունոտ դեմքը․ թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը «հասունացրեց» Վազգեն Սարգսյանի սպանությունը



Դիտումներ ` 1015
Բռնապետության արյունոտ դեմքը․ թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը «հասունացրեց» Վազգեն Սարգսյանի սպանությունը

Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդից ներողություն խնդրեց՝ Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելու համար։ Դա տեղի ունեցավ համաժողովրդական շարժման հանրահավաքներից մեկի ժամանակ։ Վազգեն Սարգսյանը հատուցեց կյանքով։ Գուցե դաժան է ասված, սակայն սա է իրականությունը։

Շատերի մոտ թյուր կարծիք կա 1998-99թթ-ի իրադարձությունների վերաբերյալ, աղճատված իրականության պատճառ երբեմն դառնում է տեղեկատվության պակասը, այլ դեպքերում՝ ղարաբաղյան կլանը միտումնավոր զբաղվել է «ուղեղների լվացմամբ»։

Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նախագահի թեկնածուի հարցում երկրապահական էլիտայում կամ Վազգեն Սարգսյանի շրջապատում կոնսենսուս չի եղել։ Ավելի շուտ եղել է, սակայն՝ ոչ Քոչարյանի հարցում․ ԵԿՄ վարչության մի քանի նիստերում որոշվել է, որ պետք է առաջադրել Վազգեն Սարգսյանի թեկնածությունը։ Ղարաբաղյան «եռյակը»՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Վազգենին ինտենսիվորեն համոզել են, որ նրա կերպարը համարժեք չէ նախագահական կարգավիճակին։ Գտնվել է կոմպրոմիս՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի դեմքով, սակայն առաջադրումների օրերին Հարությունյանն «անհետացել» է՝ ճանապարհ բացելով Ռոբերտ Քոչարյանի առաջադրման համար։ Ասում են՝ Հարությունյանին վախեցրել են նրա հարազատներից մեկի կալանավորման հեռանկարով, որն անպատիժ էր մնացել հանցագործություն կատարելուց հետո։

Նույնիսկ հոգեբանորեն Քոչարյանին իշխանություն վստահելը շատ վտանգավոր էր, որովհետև նա դրան չի տիրապետել անգամ Արցախում՝ գտնվելով Սամվել Բաբայանի ռազմական խունտայի ստվերում։ Այս բարդույթավորումն էլ ճակատագրական եղավ Հայաստանի ու Արցախի համար․ Քոչարյանն իր բացարձակ իշխանությունը հաստատեց նրանց հաշվին։

Ռբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի ոչ հրապարակային հակադրությունը սկսվել է նախագահական ընտրություններից օրեր անց, երբ կազմավորվեց Արմեն Դարբինյանի տեխնոկրատների կառավարությունը, որը պարաբերաբար հակասությունների մեջ էր մտնում խորհրդարանի երկրապահական մեծամասնության հետ, ինչի հետևանքով ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեկանը, որը խորհրդարանում համարվում էր Վազգեն Սարգսյանի ամենահավատարիմ մարդը, 1999-ի սկզբին անգամ հրաժարական տվեց։



Ռոբերտ Քոչարյանն իր աշխատակազմը լցրել էր տարբեր տրամաչափի դաշնակցական գործիչներչով, որոնցից, օրինակ, Վահան Հովհաննիսյանը դատապարտվել էր հենց այն բանի համար, որ մտադրություն է ունեցել կազմակերպել Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քոչարյանի աշխատակազմը և նրա տոտալ վերահսկողության տակ գտնվող Հանրային հետուստատեսությունը ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում էին, որ Վազգեն Սարգսյանի գոյությունը կասեցնում է Հայաստանի զարգացումը։ Ռոբերտ Քոչարյանը գիտակցում էր, որ առանց Վազգեն Սարգսյանին ֆիզիկապես չեզոքացնելու՝ չի կարող Հայաստանում տիրապետել բացարձակ իշխանության և հաշվենկատորեն նախապատրաստում էր պաշտապանության նախարարի սպանությունը։ Այստեղ ուզում ենք հատուկ ընդգծել, որ հակավազգենական կամպանիայում միասնական ճակատի մեջ էին ղարաբաղյան կլանի բոլոր գործիչները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը։

Ընդ որում՝ Վազգեն Սարգսյանն իրավիճակի լրջությունը խորությամբ գիտակցեց 1998-ի դեկտեմբեր-1999-ի փետրավար ամիսներին, երբ իրար հետևեց սպանվեցին նրա մերձավոր շրջապատի մարդիկ՝ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունին ու Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը։ Ըստ այդ օրերին շրջանառվող լուրերի՝ այս սպանությունները տեղի են ունեցել Ռոբերտ Քոչարյանի ցուցումով և քիլլերների իրականացմամբ, որոնք կապվում էին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի անվան հետ։

Վազգեն Սարգսյանն ընդունեց մարտահրավերը և բացառիկ անգամ թույլ տվեց, որպեսզի 1999-ի փետրվարին ՊՆ-ն հանդես գա քաղաքական հայտարարությամբ՝ պահանջելով ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Հենց այդ ժամանակ էլ՝ Վազգեն Սարգսյանը կայացնում է Կարեն Դեմիրճյանի հետ դաշինք կազմելու պատմական որոշում։ Վազգեն Սարգսյանը մտածում էր, որ այդ ճանապարհով հնարավոր է սանձել ղարաբաղյան կլանին։ 1999-թի խորհրդաևանական ընտրություններում ղարաբաղյան կլանն ամբողջ ճակատով աշխատել է Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմի դեմ․ Քոչարյանը բացահայտոևրեն աջակցում էր ՀՅԴ-ին, Սերժ Սարգսյանը՝ «Օրինաց երկիր» և «Հզոր հայրենիք» կուսակցություններին, Սամվել Բաբայանը ստեղծել էր իր անձնական օգտագործման դաշինքը՝ մեկտեղելով Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբնությունը» և Հրանտ Խաչատրյանի ՍԻՄ-ը։

Հայաստանի հասարակությունը փրկության հույս էր տեսել «Միասնություն» դաշինքի մեջ, ինչի հետևանքով Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմը համոզիչ հաղթանակ տարավ։ Վազգեն Սարգսյանն անկեղծորեն մտածում էր, որ իշխանության լեգիտիմության միջոցով հնարավոր է հաղթահարել ներքին հակասությունները։

Այս կետում ուզում ենք մի պահ դադար վերցնել ու անդրադառնալ սկզբունքային մի հարցի։ «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո Ռոբերտ Քոչարյանը վերածվեց «անգլիական թագուհու», սակայն սրանով դաշինքի պլանները չէին ասհմանափակվում։ Հատկապես ԱՄՆ կատարած այցից և փոխնախագահ Ալ Գորին հանդիպելուց հետո Վազգեն Սարգսյանը իր թիմում բարձրաձայնել էր, որ նախագահական հաջորդ ընտրություններում հենց ինքն է լինելու թեկնածուն։

 


Հենց ԱՄՆ կատարած այցն էլ, ըստ ամենայնի, ճակատագրական դարձավ Վազգեն Սարգսյանի համար։ Վերջինս թերևս չէր կարող պատկերացնել, որ իր օջախում հաց կիսած մարդը՝ Ռոբերտ Քոչարյանը, կարող է ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցաբար խորհրդարանը վերածել արյան ծովի՝ կազմակերպելով Հոկտեմբերի 27-ի ոճիրը։

Աննախադեպ ոճրագործությունից մեկ տարի առաջ Վազգեն Սարգսյանի գրչակից եղբայր Վանո Սիրադեղյանը նամակ էր գրել ընկերոջը, որտեղ մարգարեաբար նկարագրում էր ղարաբաղյան կլանի մտադրությւնները։ «․․․Նրանք փակուղի են մտել: Ո՛չ դուրս կարող են գնալ, ո՛չ ետ գնալ: Նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա և ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես արեցին Ղարաբաղում: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն, շարքից հանեն նշանակալի որևէ մեկին… Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին և շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով… Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ: Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել»,- գրել է Վանոն:

Վազգեն Սարգսյանը գուցե գիտակցեց վտանգը, սակայն չհասցրեց դեմն առնել։

Ռուսական հատուկ ծառայությունների և Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած ահաբեկչության հետևանքով 1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում սպանվեցին ժողովրդի վստահությունը վայելող պետական գործիչները։ Վազգեն Սարգսյանը Երրոդ հանրապետության վերջին թելն էր, նրա սպանությամբ Երրոդ հանրապետությունն, ըստ էության, կապիտուլացվեց ռուսական կայսրության և նրա հայաստանյան մարիոնետ Ռոբերտ Քոչարյանի առաջ։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին։ նրա համար երաշխավորություն են տվել խորհրդարանի 46 պատգամավորներ, որոնք, ըստ էության, ստանձնել են ոչ միայն Մարտի 1-ի, այլ նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործության առնվազն քաղաքական պատասխանատվությունը։ Մնում է՝ մի երաշխավորագիր էլ Նաիրի Հունանյանի համար գրեն․․․

https://www.1in.am/2403843.html


loading...

Փակել