loading...

Բոզերն ու գ…-երը… Ո՞վ է իրավունք տվել երկրի անունից մեղադրել մեզ…



Դիտումներ ` 1916
Բոզերն ու գ…-երը… Ո՞վ է իրավունք տվել երկրի անունից մեղադրել մեզ…

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա Ծռեր-1»-ի գործով դատական նիստը:

Ամբաստանյալի աթոռին նստած են Ծռերից՝ տասը ՝ Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Մխիթար Ավետիսյան,  Գագիկ Եղիազարյան, Արմեն Բիլյան, Սմբատ Բարսեղյան, Արեգ Կյուրեղյան, Սեդրակ Նազարյան, Էդվարդ Գրիգորյան: Այս տասնյակի մեջ են երկու ամբաստանյալները, ում մեղադրանք է առաջադրված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը:

Դատական նիստը սկսվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը շարունակելով, բայց նույն մեղադրանքների կրկնությունը շատ արագ հունից հանեց Արայիկ Խանդոյանին: Նա ասաց, թե չի ցանկանում լսել հեքիաթներ… բարբաջանքներ: Ապա մեղադրանքի կողմին դիմելով՝ ասաց. «Տականքներ, ողորմելի թափթփուկներ,  այ ոչխար, ազատեք բերդերից տղերքին… Ի տարբերություն ձեզ՝ մենք պիտի ձեզ ամունիստ անենք… Ես ամոթ եմ անում ձեզ համար… Էլ չենք կարում լսենք էդ տականքությունը…»:

Նախագահողը նախազգուշացում հայտարարեց Արայիկ Խանդոյանին, հորդորեց համբերել ու մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու ժամանակ խոսել:

Բայց Արայիկ Խանդոյանին միացավ նախ Պավել Մանուկյանը՝ նախագահողին հիշեցնելով. «Մենք Ծուռ ենք»: Ապա տեղից խոսեց Գագիկ Եղիազարյանը. «Ռուսական անառականոցի ներկայացուցիչները չեն կարող մեզ մեղադրել… 25 տարուց ավել է՝ էդ լապշաները կախում են մեր ականջներից… Արայիկ Խանդոյանն ու Պավել Մանուկյանը ավելի շատ արյուն են թափել երկրի համար, քան մեղադրողները կաթ են կերել…»:

Նախագահողը ստիպված ասաց. «Հավաքե՞մ խոսափողները»:

Պավել Մանուկյանը հակադարձեց. «Մեզ հետ սպառնալիքներով մի խոսեք…»:

Ի վերջո, նախագահողը տասը րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի հնարավոր լինի նիստը շարունակել:

Ընդմիջումից հետո շարունակվեց Արայիկ Խանդոյանին առաջադրված մեղադրանքի հրապարակումը, իսկ Խանդոյանը բարևում էր դահլիճ մտնողներին, հարցնում էր, թե ո՞նց են, ասում էր՝ «Պայքար, պայքար մինչև վերջ», «Մահ թշնամուն»:

Այնուամենայնիվ, մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը ավարտվեց:

Նախագահողն ասաց, որ օրենքով նախատեսված է՝ մեղադրվողներին պարզաբանել մեղադրանքի էությունը, պարզել նրանց դիրքորոշումը՝ մեղավոր ճանաչո՞ւմ են իրենց, թե՞ ոչ: Նախագահողն ընդգծեց, որ մեղադրանքն առաջադրված է վարույթն իրականացրած մարմնի կողմից, այն, ինչ ինքը պարզաբանելու է, դատարանի կարծիքը չէ: Յուրաքանչյուրի մեղադրանքի վերաբերյալ պարզաբանումներ կատարելիս նախագահողն ընդգծում էր «ենթադրաբար» բառը:

Սասնա Ծռերը հերթով ելույթներ ունեցան առաջադրված մեղադրանքի ու ոչ միայն մեղադրանքի վերաբերյալ:

Առաջինը Պավել Մանուկյանն էր. «Պղծած մեղադրական եզրակացությամբ փորձում են մեղադրանք առաջադրել… Հնում կային Շամիրամի կախովի այգիներ, հիմա՝ Սերժի կախովի մեղադրանքներն են… Ոչ մի հիմք չկա մեզ մեղադրելու… Չեք նշել, որ «ֆուտբոլային դիվանագիտության» մեջ կասկածի տակ էր դրվել Հայոց ցեղասպանությունը, այն դրել էին պատմաբանների քննարկման սեղանին… Մենք ինչի՞ համար ենք գնացել այս քայլին՝ մեզ ստիպել են տարիներ շարունակ… Հասանք նրան, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» բերեց «մարմնավաճառային դիվանագիտության»՝ մեզ համար «լյուբովնիցայի» կարգավիճակով… Մեր դաշնակիցը թքած ունի մեզ վրա, ասում են՝ միևնույնն է՝ հայերը այլընտրանք չունեն… Որ մտնում եմ դատարան, թուրքի հոտ եմ առնում՝ թրքաբարո եք… Մեզ մեղադրում են, թե պատանդ ենք պահել, բայց ամբողջ հայ ժողովուրդն է պատանդ… Զավթել են ամեն ինչ… Ինչքան ուզում՝ խփում են, ում ուզում՝ խփում են: Հրաչ Մուրադյանին դռան դեմը խփեցին, ոչ ոք պատասխան չտվեց… Ես ու իմ ընկերները արյուն ենք թափել պետականություն ձեռք բերելու համար… Ես ինչպե՞ս հանդուրժեի, երբ ուզուրպատորն ասում է, թե սա մեր հայրենիքը չի… Ես չարիքի դեմ եմ ելել… Էս պղծիքը՝ մեղադրանքի անունով, դեմ եք տվել, դրա ի՞նչը ընդունեմ… Ես իմ պապերից եմ ժառանգել՝ իրերը իրենց անուններով եմ կոչում… Ես իմ ժողովրդի զավակն եմ, կմեռնեմ, կսատկեմ նրա ոտքերի տակ, ոչ թե արյունը կխմեմ… Մի մարդ, որ իր կյանքն է տվել Հայրենիքի համար, ո՞նց կարող է պատանդ պահել, ո՞նց կարող է բժշկին պատանդ պահել՝ բժշկի արժեքը կռված մարդիկ լավ գիտեն: Երբ որ բժիշկները գան, նրանց հետ ողջագուրվելու ենք… Մենք Օսիպյանին ու Վարդանին պահել էինք, որ չխփեն… Օսիպյանին բաց թողինք, Սարի Թաղում սկսեց ճնշել ժողովրդին… Մենք զենքի դերն ու արժեքը լավ գիտենք, մենք չենք գնացել՝ ժողովրդի վրա զենք պահելու… Տեսե՞լ եք, որ հանցագործներին այդքան ստվար զանգված սատարի…»:

Դիմելով նախագահողին՝ Պավել Մանուկյանն ասաց. «Ես ձեր կարգավիճակը հասկանում եմ… Ես ձեր աչքերի մեջ լուռ տառապանք եմ տեսնում… Դուք մեզ օդի մեջ մեղադրանքներ եք առաջադրում… Ինչո՞ւ պարզված չի՝  ի՞նչ փոխհրաձգության ժամանակ են ինձ «վնասազերծել», ի՞նչ գնդակներից եմ վիրավորվել երկու ոտքից… Եվ դուք ուզում եք, որ ես էս պղծաղտը ընդունե՞մ: Ձեր տեղը լինեի՝ էդ պղծաղտը կդնեի էս քիրվաների կռնակի տակ ու կուղարկեի…»:

Մեղադրողները դժգոհեցին Պավել Մանուկյանի արտահայտություններից: Արայիկ Խանդոյանը ավելի թունդ խոսեց. «Այ ոչխար, դու քո դմակին տեր էղիր»:

Նախագահողը Խանդոյանին նախազգուշացում հայտարարեց:

Պավել Մանուկյանը շարունակեց. «Մենք Ապրիլյան պատերազմի ժամանակ ուզում էինք կանգնել ժողովրդի կողքին, բայց մեզ չէին թողնում… Մենք պատրաստ էինք Գանձակը ազատագրել… ՊՊԾ-ն դարձել էր չարիք՝ ոստիկաններին ժողովրդի դեմ երբ պետք է լինում՝ որպես պարիսպ են օգտագործում, երբ պետք է լինում՝ որպես շերտավարագույր… Ոչ մի իսկական հանցագործ պատժի առաջ չի կանգնել… Մենք ժողովրդի ձայնն ենք… Չի կարելի անիրավությունը որպես իրավունք ծառայեցնել…»:

Արայիկ Խանդոյանը շարունակում էր անհանգիստ մնալ: Նախագահողը որոշեց նրա նկատմամբ սանկցիա կիրառել՝ դատարանի դահլիճից հեռացնել՝ մինչև հասնի մեղադրանքի վերաբերյալ տեսակետ հայտնելու՝ նրա հերթը:

Պավել Մանուկյանը շարունակեց. «Չեք զգո՞ւմ՝ ապստամբին չեք կարողանում լռեցնել… Չեբուրաշկի նկարը հանեք, ասեք՝ ա՛յ, բոբո ձաձային կասեմ… Դավաճան համակարգը հայտարարում էր, թե տարածքներ չենք կորցրել, բայց հետո ասում է՝ 800 հեկտար ենք կորցրել… Էնտեղ մեր տղերքին սպանել էին «ՏՕԶ-1»-ով՝ թուրքին մեր դաշնակցի կողմից տրված: Էդ տղերքին փակ արկղերով բերեցին, հողին հանձնեցինք… 

Սրա՞նք են պետական մեղադրողները: Ո՞ր պետության՝ իմ ստեղծած, իմ արյունով ստեղծված պետությա՞ն, սրանք էդ պետության հետ կապ չունեն… Մեղադրական եզրակացությունը խայտառակություն է… Տխուր տեսարան է մեր դատական ատյանի վրա: Մի ազգ, որ Շահամիր Շահամիրյան է ունեցել, Մխիթար Գոշ, այսօր այսպիսի անմխիթար դատական համակարգ ունի… Այն գեղեցիկ բառը՝ «ապստամբությունը», մեր մեղադրանքների մեջ չկա… 



Ես իմ ու իմ ընկերների պայքարի մեջ երազել եմ արդար դատարան ունենալ, իսկ դուք այն վերածել եք արդարության կառափնարանի… Էս մարդկանց՝ ոստիկաններին, դարձրել եք արհեստական թշնամի, տնգցրել եք մեր դեմը… Իշխանությունը ծառայում է սատանային, դատական համակարգը նրա գործիքն է… Մեր Հայրենիքը ես ու իմ ընկերները մեր արյունով ենք ջրել, իշխանությունը թքած ունի մեր տղաների արյունի վրա… Մենք մեր ապստամբությամբ ժողովրդից խլված իրավունքն ենք ցանկանում հետ բերել: Սա իմ պապերի ու իմ զավակների Հայրենիքն է, իսկ իշխանության համար Հայրենիքը սահմանափակվում է իրենց խոհանոցի սեղանով… Եթե իմ ժողովուրդը կգտնի, որ հանցագործ եմ, Ազատության հրապարակում կամավոր խարույկ կբարձրանամ…»:

Վարուժան Ավետիսյանը ասաց. «Նախ՝ մենք չենք հրաժարվել մեր պահանջներից, ինչպես սխալ  գրված է մեղադրանքների մեջ: Դա կեղծիք է, հանցավոր համակարգի վախի արդյունք: Մենք զենքը վայր ենք դրել, դուրս ենք եկել շրջապատված տարածքից, որ արյունահեղություն չլինի, որ պահպանվի ապստամբության ծավալման հետագա հնարավորությունը… Մենք իրականացրել ենք ապստամբելու մեր սրբազան իրավունքը, որը յուրաքանչյուր ժողովրդի ոչ միայն իրավունքն է, այլ նաև պարտականությունը: Մենք դեռ շատ ենք ուշացել… Հայաստանում իշխանությունը զավթված է գաղութատեր պետության՝ Ռուսաստանի աջակցությամբ՝ հանցավոր համագործակցության կողմից: Զավթել են իշխանության բոլոր ինստիտուտները, խժռել են երկիրը, վերածել են համակենտրոնացման ճամբարի, որտեղ պահանջն է՝ ստրկացի՛ր կամ հեռացի՛ր: Անտանելի պայմանների պատճառով ժողովուրդը բռնագաղթի է ենթարկվում… Ռուսական կայսրության վերականգնման մի էտապում ենք՝ մեր Հայրենիքի այս վերջին հատվածը կլանելու, Ռուսաստանին մատաղ անելու գործին են լծվել Ապրիլյանի նման դավադրությունների միջոցով… Մենք զենք ենք վերցրել ու հնարավորության դեպքում նորից ենք անելու՝ ընդդեմ իշխանության յուրացման, կոռուպցիայի, հանուն մեր ազատությունների և իրավունքների՝ կոչ եմ անում ժողովրդին… Հանցավոր համագործակցությունը լեգիտիմ չէ, իրավունք չունի իրականացնելու արդարադատություն: Դատարանն էլ հանցավոր համագործակցության բաղադրիչներից է… Այս խեղկատակությունը, այս հաշվեհարդարը, որ փորձում եք ներկայացնել որպես սովորական դատական գործընթաց՝ չի ստացվելու, դուք արդեն ձախողել եք ձեր առաջադրանքը: Ապստամբության երկրորդ ալիքը սրբելու է բոլորիդ: Նյուրենբերգյան սկզբունքով ստեղծված, հանրության վստահությունը վայելող դատարանում քննվելու է հանցավոր համագործակցությունը կազմող անձանց հարցը: Դրան պատրաստվեք, ձեր մեղքը մեղմացնող հանգամանքներ որոնեք: Մենք և մեր ժողովուրդը հասկանում ենք իրար՝ նույն լեզվով ենք խոսում, նույն միտքն ենք արտահայտում… Պատմությունն ունի իր բնականոն ընթացքը: Մենք հնազանդվում ենք միայն այդ տրամաբանությանը: Ոչ մեկին չի հաջողվելու արյամբ ազատագրված Արցախը հանձնել թշնամուն… Ապագան բախում է մեր դուռը, մենք այդ դուռն ենք բացում… Փոքր Մհերի փակ դռան ծխնիները ջարդել ենք, դուռը բաց է…»:

Մխիթար Ավետիսյան. «Սատանայի ավետարանը, որ այստեղ տասն անգամ ընթերցվեց, ոչ մի առնչություն չունի Սասնա Ծռերի ապստամբության հետ… Ավելի օգտակար կլիներ, եթե մեր Էպոսը կարդային… Մեր ապստամբությամբ գրառել ենք Էպոսի դեռ չգրված մասը՝ մեր Հայրենիքից պետք է դուրս մղենք Մսրա Մելիքի Լորիսմելիքովյան ռուսական բազան, նաև Ցռան Վերգոներին… Ինչ արել՝ լավ ենք արել: Ժողովրդից ներողություն ենք խնդրում մեր չարածների համար…»:

Էդուարդ Գրիգորյան. «Մուրացանը շատ բան ունի գրած, ես երկու բանն եմ առանձնացնում՝ «Նոյի ագռավը» ու «Առաքյալը»… Մենք բոլորս կամ Նոյի ագռավ ենք կամ՝ Առաքյալ… Բոլոր գնացածները պետք ա հետ գան՝ մեր երկրին տեր կանգնելու… Ինչ ուզում ես՝ սարքի, դղյակում ապրես, թե մեքենայի մեջ՝ մեկ ա… Մեղավոր եմ այն բանի համար, որ մեր գործը մինչև վերջ չեմ հասցրել, բայց՝ ճանապարհին ենք… Էս ամեն ինչը ֆինտ ա… «Արարատ» գոռալով՝ Արարատը հետ չի գա: Հիմա մեր կորցրած 800 հեկտարը Արարատից կարևոր է… Մենակ «հայ» կոչվելով չի. ի՞նչ գործ ունեն դրսերում, թափառում են ցիգանի պես… Արե՛ք, տեր կանգնեք երկրին…»:

Պավել Մանուկյանը միջամտեց. «Մեր երկիրը հիմա անչափառ է, ինչ անասուն ասես՝ կմտնի…»:

Արմեն Բիլյանը մեղադրական եզրակացության մասին ասաց. «Էդ հեքիաթին համաձայն չեմ… Բոլոր հայ տղերքը, որ ունեն թասիբ, ինքնասիրություն, նույնը պիտի անեն… Հարյուրհազարավոր հայ  երեխաներ են ծնվել օտար երկրներում… Սահմանամերձ գյուղերը դատարկվում են… Հայաստանում լիքն են անպիտան, տականք մարդիկ… Ի՞նչ մեղադրանքի մասին է խոսքը: Ես ստի, կեղծիքի, սրիկայության պատճառով եմ հասել ստեղ… Մենք չենք չոքելու, մեզ չեք չոքացնի… Հայ ազգին կոչ եմ անում՝ ներսի, դրսի թասիբով տղերքին՝ գան, կանգնեն, էս տականքը մաքրենք… Մենք բոլորի էրեխեքի համար ենք անում ու ասում ենք՝ ձեր դեմ խաղ կա՛…


Սմբատ Բարսեղյան. «Մենք չենք հրաժարվել մեր պահանջներից… Չեբուրաշկայի ռադ էղնելն ենք պահանջում ու՝ պղծությամբ զբաղվող ամբողջ վարչակազմի… Առաջին դասարանում նույնիսկ էսպիսի հեքիաթներ չէինք անցնում, զուգարան էլ տանես կարդաս, կհիասթափվես… Եթե իշխանությունը զանգվածաբար խախտում է ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, դատարանները չեն կարողանում պաշտպանել ժողովրդին, այդպիսի իշխանության փոփոխությունը ընտրություններով անհնար է, այդ ժամանակ ապստամբությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն՝ յուրաքանչյուր քաղաքացու համար…»:

Սեդրակ Նազարյանը դիմեց դատարանին. «Դուք անօրինական ձևով եք նստած էստեղ… Նորմալ իրավական երկրում դատավորը նշանակվում է երկրի օրինական ընտրված նախագահի կողմից… Դուք, լինելով ապօրինի, մեզ ապօրինի եք դատում… Դուք ստանձնել եք ծաղրածուի դեր՝ ժողովրդին զբաղեցնում եք՝ ես անձնական ոչինչ նկատի չունեմ… Եթե ապօրինի է ամեն բան, մեղադրանք, բան, ամեն ինչ ապօրինի է: Ինչ արել ենք՝ լավ ենք արել, էլի ենք անելու…»:

Գագիկ Եղիազարյան. «Սասնա Ծռերին արհեստականորեն իրարից առանձնացնում են… Սասնա Ծռերը մի բռունցքի, մի առողջ մարմնի նման համընդհանուր երևույթ է… Քրեորեն պատժելի արարք մեզնից ոչ ոք չի կատարել… Ես պիտի իմ գործը անեմ, մինչև հասնեմ համընդհանուր արդարության: Համոզված եմ՝ կունենա շարունակական բնույթ, վարակիչ կլինի: Հայ ժողովրդի արժանապատիվ զավակները կհետևեն մեր ճանապարհին: Պահանջում եմ, կոչ եմ անում՝ ազատվել թրքաբարո, բոլշևիկյան մնացուկներից, որ գոյություն ունենա իրական հայկական դատարան, ինչը չի եղել մոտ հազար տարի… Իշխանությունն ու դատարանը պիտի ծառայեն ժողովրդի շահին… Եթե նավի ղեկավարը նավը տանում է խորտակման, ուրեմն դա նավի ղեկավարությունը զավթած տականք է… Նավը խորտակման տանողներ, դրածոներ մեզ պետք չեն: Ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություններ են պետք… Իսկ հիմա մենք ռազմագերու կարգավիճակում ենք ու պնդում ենք մեր պահանջները…»:

Հասավ Արայիկ Խանդոյանի հերթը: Նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց նրան դահլիճ վերադարձնել:

Խանդոյանին բերեցին դահլիճ: Նա իր դիրքորոշումը հայտնեց միանգամից թունդ արտահայտություններով. «Բարոյական որակումներից զուրկ մարդիկ՝ բոզերը, մեզ կարում են մեղադրել, պատկերացնո՞ւմ եք… Ես իրերը ու առարկաները կոչում եմ իրենց անուններով՝ կարճուկոնկրետ: Էս բոզերը ու գ…-երը՝ ես չեմ կարող այլ կերպ կոչել… Ո՞վ է դրանց իրավունք տվել երկրի անունից մեղադրել մեզ…»:

Նախագահողը Արայիկ Խանդոյանին նախազգուշացրեց:

Խանդոյանը շարունակեց. «Ասենք՝ ես ազափ տղա եմ, ուզում եմ ամուսնանամ: Բայց էդ աղջիկը աղջիկ չի, ով ասես՝ հելնում ա վրեն: Ինձ էլ ստիպում են, որ գա ինձ կնության… Ես հո Թորիկը չե՞մ… Ո՞նց կարա ով ասես՝ գա ու ներկայանա ժողովրդիկ անունից… Ես իմ ազգի զինվորն եմ, ազատամարտիկն եմ: Ես տեսնում եմ բոզերի քայլերը ու պիտի տեր ըլնեմ իմ ազգին… Մի քաշ պլանի համար սաղ տղերքին լցրել են բերդերը, ո՞նց կարամ թողնեմ… Սերժ Սարգսյանի բանդան ավելի վատն ա, քան թե ինքը… Ինձ ներվայնացնում են… Ո՞վ, ինչո՞ւմ ա ինձ մեղադրում, ուզում եմ հասկանամ…»:

Պավել Մանուկյանը միջամտեց. «Դուք մեղադրվում եք հայ ազգի պատիվը բարձր պահելու համար»:

Արայիկ Խանդոյանը ավարտեց. «Ո՞նց կարա մի էրկու ողորմելի գա, հեշտուհանգիստ ազգին մեղադրի….»:

Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Մեր պաշտպանյալները իրենց դիրքորոշումը հայտնեցին սպառիչ կերպով: Կարելի էր այս գործընթացը համարել ավարտված… Արայիկ Խանդոյանը հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար… Դեռ Սասնա Ծռերի ձերբակալումից առաջ Նախագահականում կանխորոշվել է գործի քաղաքական բնույթը, անձանց տրվել են գնահատականներ… Դուք գործը քննում եք քաղաքական պատվերի շրջանականերում՝ ձևացնելով, թե իրականացնում եք արդարադատություն… Սասնա Ծռերից ոչ մեկին անհատական մեղադրանք չի առաջադրվել, սա կոլեկտիվ մեղադրանք է … Արայիկ Խանդոյանի գործը կարող է քննվել, եթե դիտարկվի ապստամբության դիտակետից…»:

Մեղադրական եզրակացության ծանր հրապարակումը ավարտվեց:

Դատարանը լսեց կողմերին, համակարծիք եղավ պաշտպանական կողմին և «արդարադատության շահից ելնելով» սահմանեց ապացույցների հետազոտման կարգը: Սկզբում կհետազոտվեն քրեական գործում առկա գրավոր ապացույցները, փաստաթղթերը, տեսագրությունները, ձայնագրությունները, կհարցաքննվեն տուժողները, վկաները, անջատված մասով մեղադրյալները, կհետազոտվեն իրեղեն ապացույցները, վերջում կհարցաքննվեն գործով անցնող Սասնա Ծռերը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ պաշտպանական կողմը գործի նյութերը իր հետ չէր բերել, հետևաբար՝ պատրաստ չէր, որ մեղադրանքի կողմը ներկայացնի մեղադրանքի հիմքում դրված գրավոր ապացույցները:

Ապացույցների հետազոտումը կսկսվի հաջորդ դատական նիստում:

http://www.1in.am/2257722.html

 

 
 

loading...

Փակել