loading...

Բանակը «զտվում է». Ինչ պայման էր խախտել գեներալը



Դիտումներ ` 975
Բանակը «զտվում է». Ինչ պայման էր խախտել գեներալը

Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ է արվել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը: Մինչ հրամանագրի հրապարակումը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ ինքն է հորդորել Բաղմանյանին ազատման զեկուցագիր գրել:

«Նրա ազատման պատճառը աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն ու թերացումն է, որն անհամատեղելի է համատեղ ծառայության հետ», ասել է Վիգեն Սարգսյանը:

Լուրջ պատճառ է, ինչպես նաեւ հազվադեպ է լինում, երբ բարձրաստիճան պաշտոնյան հեռացվում է նման կոշտ ձեւակերպմամբ: Մյուս կողմից, գործ ունենք ոչ թե քաղաքացիական որեւէ կառույցի, այլ բանակի հետ, երբ այդ թերացումները կարող են զինվորի կյանք ու անվտանգության սպառնալիք արժենալ:

Ըստ ԶԼՄ-ների, նրա պաշտոնանկությունը կապված է զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունի հետեւանքով երեք զինծառայողների մահվան հետ, թեեւ նրա ազատման մասին խոսվում է վաղուց:



Հայկազ Բաղմանյանի անունը կապված է մի շարք աղմկոտ պատմությունների հետ, որոնք ուղեկցել են նրան տարբեր տարիների: Մասնավորապես, ժամանակին մեծ աղմուկ էր հանել սահմանամերձ Վահան գյուղի բնակիչների դաժան ծեծը: Գյուղացիները նամակ էին հղել վարչապետին, որում նկարագրել էին այդ միջադեպը, երբ գեներալի թիկնապահները վրաերթ էին արել ու դաժան ծեծի ենթարկել վահանցի երիտասարդներին:

Դեպքը տեղի էր ունեցել 2007-ին:

2006-ին տեղի էր ունեցել ավելի դաժան միջադեպ արդեն բանակում, նրա հրամանատարության զորամասում: Խոսքը Տիգրան Օհանջանյանի մահվան մասին է: Ութ ու կես տարի ընթանում է քննություն: Ըստ քննության, զինծառայողը էլեկտրահարվել է: Սակայն ծնողներն ապացույցներ ունեն, որ նրան սպանել են Բաղմանյանի թիկնապահները:

Տիգրանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը պնդում է, որ իր տղայի շորերը փոխել են  և բոլորովին այլ զգեստ են ուղարկել փորձաքննության, տղայի վրա առկա էին բազմաթիվ վնասվածքներ, դիահերձարանում արված լուսանկարները ներկայացվել էին դատավորին, սակայն դրանք  չէին կցվել գործին որպես ապացույց: Գործից բացակայում է 43 էջ փաստաթուղթ:


Հայկազ Բաղմանյանը խոշոր բիզնեսների տեր է եւ «աչքի է ընկել» գործընկերներից բիզնեսները խլելով: Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ էլ զբաղված էր խեցգետնի արտահանմամբ:

Չնայած այս ամենին, նա շարունակում էր պաշտոնավարել ու բարձրանալ պաշտոնեական սանղուղքով: Եվ ահա, ներկայում պարզվում է նա թերացել է իր պարտականություններում ու ազատվել:

Բաղմանյանը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից էր, եւ դրանով էր պայմանավորված նրա անպատժելիությունը: Հիմա երեւում է ինչ որ բան է փոխվել, որովհետեւ, ինչպես ասում էր Թոխմախի Մհերը, Հայաստանում մարդ սպանելու կամ աշխատանքում թերանալու համար աշխատանքից չեն ազատում:

Մյուս կողմից, վերջին տասնամյակում բանակից հեռացվում են օդիոզ ու կոռուպցիոներ բարձրաստիճան գեներալները, որոնց գործունեության հանրագումարը ապրիլյան պատերազմում բացահայտված խայտառակ իրավիճակն էր, որը հանգեցրեց խոշոր կորուստների: Սակայն ոչ ոք ոչ մի պատիժ այդպես էլ չկրեց: Առավելագույնը մի քանի հոգի ազատվեցին աշխատանքից:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/166178


loading...

Փակել