loading...

Բաքուն տագնապում է. կճանաչի՞ Թրամփն Արցախը



Դիտումներ ` 1201
Բաքուն տագնապում է. կճանաչի՞ Թրամփն Արցախը

Բաքուն քննադատել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: «Այդ քայլը հակասում է միջազգային իրավունքին և փշրեց պաղեստինա-իսրայելական հակամարտությունը արդար ու կայուն ձևով կարգավորելու հույսերը` ճանապարհ բացելով հումանիտար աղետի համար»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում հրավիրված Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին:

Արտահերթ այս հավաքը նախաձեռնել էր պաշտոնական Անկարան, որը ևս խստորեն քննադատում է Վաշինգտոնի այդ որոշումը: Իհարկե, առաջին հայացքից թվում է` պաշտոնական Բաքվի հակաամերիկյան դիրքորոշման հիմքում իսլամական համերաշխության դրսևորումն է, մանավանդ, որ մահմեդական երկրների կոնսոլիդացված տեսակետը թելադրվում է Թուրքիայի կողմից, որի հետ Ադրբեջանը, որպես կանոն, համերաշխ է գլոբալ, տարածաշրջանային քաղաքականության սկզբունքային հարցերում:



Այս հանգամանքը սկզբունքորեն գոյություն ունի և դա որևէ մեկը հերքել չի կարող: Մյուս կողմից` Բաքուն փաստորեն հակադրվում է ԱՄՆ-ին և Իսրայելին, որոնցից առաջինը ԼՂ խնդրի կարգավորման երեք միջազգային միջնորդներից մեկն է, մյուսը` Ադրբեջանի կարևոր ռազմա-տեխնիկական գործընկերը: Համաձայնենք, որ միայն մահմեդական համերաշխության սկզբունքը կամ թուրքական գործոնը չէր կարող կանխորոշել Բաքվի նման կոշտ դիրքորոշումը: Ադրբեջանում, ըստ ամենայնի, մտահոգված են այն հանգամանքով, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Վաշինգտոնի որդեգրած սկզբունքը կարող է նախադեպային դառնալ ԼՂ կարգավորման գործընթացում:

Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխվեց մայիսի 14-ին, իսկ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր անցած տարեվերջին: Թրամփը, ըստ էության, շրջադարձային քայլ կատարեց. տասնամյակների պատմություն ունեցող և փակուղում գտնվող հակամարտության կարգավորման գործընթացին նա նոր ազդակ հաղորդեց` առկա իրողությունները ճանաչելու միջոցով: Սա արմատապես փոխում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության ստատուս-քվոն:

 


Երուսաղեմի կարգավիճակի հարցը այդ հակամարտության ամենաառանցքային դրվագն է: Եթե Թրամփի վարչակազմը նույն սկզբունքով մոտենա ԼՂ խնդրին և լեգիտիմացնի փաստացի, այսօր գոյություն ունեցող իրողություններն, ապա հեռու չէ, առնվազն անիրական չէ Արցախի միջազգային ճանաչման հեռանկարը: Սրան ակնհայտորեն նպաստում են նաև ժողովրդավարացած Հայաստանի միջազգային հեղինակության կապիտալացման միտումները: Ահա թե ինչից են առավելապես տագնապած Բաքվում:

Ադրբեջանը ջանք չի խնայում արաբա-իսրայելական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի առաքելության դելեգիտիմացման ուղղությամբ, որպեսզի, ըստ անհրաժեշտության, կասկածի տակ դրվի ԱՄՆ օբյեկտիվությունը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, անշուշտ, պետք է կարողանա օգտվել նման իրավիճակներից: Մասնավորապես` հնարավորություններ են ստեղծվել Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները խորացնելու համար, ինչը մի կողմից բխում է Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության տրամաբանությունից, մյուս կողմից կարող է չեզոքացնել այն ռիսկերը, որոնք բխում են Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունից:

http://www.1in.am/2355477.html


loading...

Փակել