Օգոստոսի 17-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործկոմի հերթական նիստը: Նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 22-ին, սկիզբը՝ ժամը 12:00-ին: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը արդեն իսկ հայտարարել է, որ ինքն առաջադրվելու է: Կասկած չկա, որ հենց Արթուր Վանեցյանն էլ կընտրվի ՀՖՖ նախագահ: Արթուր Վանեցյանի ՀՖՖ նախագահ դառնալու հանգամանքը շատերի քննադատությանը արժանացավ:
Դժվար է պատկերացնել, թե ինչպես է Վանեցյանը համադրելու ՀՖՖ նախագահի և ԱԱԾ պետի պաշտոնները ու ինչպես է կարողանալու այնպես անել, որպեսզի ԱԱԾ չօգտագործի ի նպաստ ՀՖՖ-ի հետ փոխկապակցված տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունների (Այս մասով առավել մանրամասն իրավական մեկնաբանություն կա Առավատ օրաթերթում, որը կարող եք կարդալ այստեղ) Հիմա ստացվում է, որ եթե Վանեցյանը իրականում շատ է ցանկանում դառնալ ՀՖՖ նախագահ և չի ցանկանում օրենք խախտել, ապա պետք է հրաժարվի ԱԱԾ պետի պաշտոնից: Այս հարցում հատկապես պետք է նախանձախնդիր լինի նոր կառավարությունը, որպեսզի մանր քայլերով նախկին իշխանության ավանդույթները չվերականգնվեն:
Նյութի աղբյուրը` Yelaket.am