loading...

Արտառոց նախընտրական իրավիճակ. սխեմայից դուրս



Դիտումներ ` 586
Արտառոց նախընտրական իրավիճակ. սխեմայից դուրս

Հայաստանում շարունակվում է նախընտրական գործընթացը: Այդ նախադասությունից հետո ընթերցողները թերևս համոզված կլինեն, որ խոսքը Երևանի ավագանու արտահերթ ընտրության մասին է: Բայց խոսքն իրականում Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության մասին է: Հայաստանում, ըստ էության, արդեն վաղուց խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթաց է, ինչքան էլ որ հայտնի չեն ընտրության անցկացման ժամկետները և ընդհանրապես դրան գնալու կարգը:

Երևանի ընտրությունը խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթացի մի դրվագ է, որը գուցե նույնիսկ չլիներ, եթե օրինակ՝ Տարոն Մարգարյանը համաձայներ, այսպես ասած, աշխատել նոր իշխանության հետ և չգնալ դիմադրության ճանապարհով: Խոշոր հաշվով, Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չէր ունենա, եթե ինչպես ներկայումս խորհրդարանն է, այսպես ասած, պահվում նախորդ ստատուս քվոյի շրջանակում, այդպես էլ դրա շրջանակում պահվեր Երևանի քաղաքային իշխանությունը: Դա, իմիջիայլոց, սակայն այսպես, թե այնպես, Հայաստանում վաղուց սկսված է խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթացը, և ներկայումս այն ուղղակի շարունակվում է, ընդ որում՝ ոչ միայն Երևանի ավագանու գործընթացի համատեքստում:

Այդ տեսանկյունից իրավիճակը բաժանվել է, այսպես ասած, երկու զուգահեռի՝ քաղաքային ավագանու ընտրության գործընթաց, որտեղ, իհարկե, մասնակից ուժերը փորձում են նաև ստուգել իրենց կարողությունները խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարի համար, և գործընթաց, որը զարգանում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ, և որում առկա է նաև ՀՀԿ-ն, քանի որ այս երկու ուժերը, ըստ էության, չպետք է դիտարկել միմյանցից անջատ:



Նոր իշխանությունը կամ Նիկոլ Փաշինյանը հավասարապես խաղում է թե՛ այս, թե՛ մյուս գործընթացների դաշտում և նաև ակնառու կերպով օգտագործում է դրանք փոխադարձաբար: Այդ տեսանկյունից, երկու գործընթացներում ներգրավված մյուս ուժերը, ամեն խումբն իր դաշտում՝ գործնականում խաղում են միմյանց դեմ և Փաշինյանի օգտին, բայց միաժամանակ նրանք անկարող են խաղալ նաև իրար հետ, քանի որ արքան էլ տարօրինակ հնչի, ինչպես նրանց միմյանց դեմ խաղը, այդպես էլ նրանց, այսպես ասած, համատեղ խաղի տարբերակը լինելու են Նիկոլ Փաշինյանի օգտին:

Այդ տեսանկյունից Հայաստանում ստեղծվել է իսկապես ուշագրավ մի իրավիճակ, առանձնահատուկ իրավիճակ, սակայն ոչ թե ձևով, այլ բնույթով: Բանն այն է, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումներում, ընտրական գործընթացներում սովորաբար իշխանությունը եղել է մեկը, իսկ այսպես ասած՝ ընդդիմադիր կամ այլընտրանք ուժերը՝ մի քանիսը: Եվ որպես կանոն, կիսվել է, այսպես ասած, ընդդիմադիր ընտրազանգվածը, ընդդիմադիր ձայները, իսկ իշխանությունը հավաքել, գնել է իր ձայները: Ներկայումս էլ մի նախընտրական կամ ներքաղաքական վիճակ է, երբ իշխանությունը հավաքում է իրենը, բայց այս անգամ արդեն գերազանցապես լեգիտիմության, հասարակական վստահության շնորհիվ, փոխարենը՝ մյուս դաշտում, որը իհարկե, միայն պայմանականորեն՝ առայժմ միայն պայմանականորեն է հնարավոր համարել ընդդիմություն, դարձյալ ձայները, այսպես ասած, կիսվում են՝ անկախ իհարկե, թե քանի տոկոս ձայների մասին է խոսքը:


Առանձնահատկությունն այս դեպքում նաև այն է, որ եթե նախկինում իշխանությունը ձգտում էր թույլ չտալ այդ ուժերի միավորում, ապա ներկայումս այդ խնդիրն իշխանությունը չունի, քանի որ այդ միավորումը չի բխում հենց տվյալ ուժերի շահերից: Այս հանգամանքը գալիս է թերևս վերահաստատելու Հայաստանում առկա խնդիրների խորքային մի ախտանիշ կամ պատճառ: Դա քաղաքական մտածողության բացակայությունն է քաղաքականության հիմնական մասնակիցների շրջանում: Որովհետև հեղափոխական իրավիճակներում քաղաքական ելքերը փնտրվում են «դասական սխեմաներից» դուրս: Իսկ դասական սխեմաներից դուրս առայժմ գործում է միայն իշխանությունը:

«Դասական սխեմայի» վերականգնումը Հայաստանի համար հույժ կարևոր է և ժամանակի ընթացքում, իհարկե, անխուսափելի, սակայն դրա արագությունը կախված կլինի այն բանից, թե էլ ինչ ուժեր կկարողանան ներկայիս իրավիճակում մտածել և գործել այդ սխեմաներից դուրս՝ մնալով բացառապես քաղաքական մտածողության շրջանակում, այդպիսով իշխանությանը բերելով որակապես այլ բնույթի քննարկումների անհրաժեշտության դաշտ:

Լուսանկարը՝ Photolure-ի


loading...

Փակել