ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված մի շարք մթերքների ու իրերի կողքին տեղ էին գտել նաև տարբեր մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ: Հաջորդող օրերին համացանցում լուսանկար հայտնվեց, որտեղ երգիչ Արամ Ասատրյանը նկարվել էր իր սպիտակ ավտոմեքենայի կողքին: Ըստ մեկնաբանությունների՝ Մ. Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում հայտնաբերված ավտոմեքենաներից մեկը հենց երգչին պատկանող փոխադրամիջոցն է, որը ժամանակին յուրացրել է կասկածյալի աթոռին հայտնված գեներալը:
Արամ Ասատրյանի փեսան՝ ԱՄՆ-ում ճանաչված հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանն, Aysor.am-ի հետ զրույցում հերքեց տարածված խոսակցությունները՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Այն, թե իբր նրանից մեքենան պարտադրաբար վերցրել են և այլն, զուտ ասեկոսեներ են, նման բան իրականում տեղի չի ունեցել: Արամ Ասատրյանը, երբ ԱՄՆ էր տեղափոխվում, իր մեքենան վաճառել է, Մանվել Գրիգորյանի բարեկամներից մեկն էլ այն նորմալ գումարով գնել է: Արամն ու Մանվելը, ավտոմեքենայով պայմանավորված, հակասություն երբեք չեն ունեցել, դա հաստատ է: Ինչ վերաբերում է տեսանյութում տեղ գտած մեքենային, որքան ինքս եմ ուշադիր եղել, Արամի ավտոմեքենան չի, ուղղակի մարդիկ սպիտակ գույնին են խաբվել ու ասոցացրել: Մի ժամանակ էլ ասում էին, թե տունն են ձեռքից խլել, բայց քանի որ հիմա Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի հետ այդտեղ է բնակվում, այս խոսակցությունները մարեցին», - մանրամասնեց հաղորդավարը:
Մինչ այսօր ժողովուրդը շարունակում է խոսել այն մասին, որ էջմիածնեցի երգիչը ժամանակին Մանվել Գրիգորյանի պատճառով էր լքել հայրենիքն ու ընտանիքի հետ հաստատվել Միացյալ Նահանգներում: Ոմանք նույնիսկ երգչի մահն են կապում գեներալի անվան հետ, սակայն, ըստ մեր զրուցակցի, ինչպես շատ հարցերում, Արամ Ասատրյան-Մանվել Գրիգորյան հարաբերությունները ևս ժողովուրդը ուռճացված է ներկայացնում: Իրականում, երկու համաքաղաքացիների միջև որևէ ընդգծված կոնֆլիկտ, առավել ևս, թշնամություն չի եղել:
«Նույնիսկ ավելին ասեմ, Մանվել Գրիգորյանն իրականում տխրել էր, երբ Արամ Ասատրյանը Հայաստանից եկավ ԱՄՆ: Այն, որ Արամ Ասատրյանը երկրից հիասթափություններով է հեռացել, իրականություն է, բայց միայն այդքանը… Նա այստեղից հրավեր է ունեցել, եկել է՝ տեսնելով, որ ժողովուրդն իրեն այստեղ ընդունում է, կամաց-կամաց ընտանիքով հավաքվել է այստեղ: 90 ականները մտաբերելով՝ պատկերը հստակ է դառնում, շատ էին գնացողները: Բայց մեկ է, տարիներ անց ինքը վերադարձավ Հայաստան, դա էր իր տունը: Ինքն ու Մանվելն իրականում ջերմ հարաբերություններ ունեին, փոխադարձ հարգանքով էին վերաբերվում, բայց արանքի մարդիկ շատ «մուտիտներ» են արել, խոսք տարել ու բերել՝ փորձելով միմյանց դեմ լարել: Մեկ ստացվել է, մեկ՝ չէ: Հիշում եմ, երբ Արամը ԱՄՆ տեղափոխվելուց հետո առաջին անգամ Հայաստան եկավ, դա գեներալի հրավերով էր՝ վերջինիս աղջկա հարսանիքին: Ինքս էլ ներկա եմ եղել: Չեք պատկերացնի՝ ինչ ընդունելություն էին կազմակերպել, ինչ պատվի ու հարգանքի արժանացրին: Ես ականատես չեղա, որ այդ մարդուն հալածեն, ճնշեն կամ գոնե մի քիչ կոպիտ խոսեն նրա հետ: Արամն այն մարդն էր, ով, նախ ինքը թույլ չէր տա, որ իր հետ կոպիտ խոսեին, և հետո՝ մեծ հարգանք ու համբավ էր վայելում…
Անդրադառնալով մահվան հանգամանքին՝ Արամ Ասատրյանն իր երիտասարդ տղային կորցնելուց հետո առողջական լուրջ խնդիրներ ունեցավ. սրտի պրոբլեմ ուներ, շաքար, բայց իր առողջությամբ զբաղվելու ժամանակ երբեք չէր ունենում, քանի որ անընդհատ շրջագայությունների, համերգների մեջ էր: Ընտանիքի անդամներով մշտապես իրեն հորդորում էինք դադար տալ գործունեությանն ու առողջությանն ուշադրություն դարձնել, բայց… Հասկանում եմ, որ մարդիկ Արամին սիրում են, բայց սխալ բաներ են խոսում, տենց բան չկա: Ինքս եմ տեսել, թե Մանվել Գրիգորյանն ինչպես էր լացում Արամ Ասատրյանի հուղարկավորության օրը: Բայց դե, Մանվելի ահ ու սարսափից Էջմիածին քաղաքում հեքիաթներ հորինվեցին՝ իբր Արամին երկրից լարեց, գլուխը կերավ և այլն», - պատմեց նա:
Մինչ ԱԱԾ-ի բացահայտումները, էջմիածնեցիները բողաքի ցույցեր էին անում ընդդեմ այդ ժամանակ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, ով Մանվել Գրիգորյանի որդին է՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Հատկանշական էր, որ ցուցարարներին իր ակտիվությամբ սատարում էր Արամ Ասատրյանի որդին՝ Արտաշ Ասատրյանը: Անդրադառնալով աներորդու դիրքորոշմանը՝ Գրիշա Սանդալյանը նկատեց.
«Արտաշի ակտիվությունը ժողովրդի համար էր, ոչ թե իր անձնականի: Փառք Աստծո, իրենք նորմալ ապրող ընտանիք են, բոլոր բարիքներից օգտվում են, ոչ մի բանից հետ չեն մնում: Իրենց ձայնով, շնորքով, երգով հնարավորություն են տալիս աշխարհին ուրախանալ, իրենք էլ սեփական քրտինքով իրենց փողն են աշխատում: Ուղղակի Արտաշը, ժողովրդի մեջից ծնված տղա լինելով, կանգնեց իր ժողովրդի կողքին: Նույնիսկ շատերը սկսեցին քննադատել, քարկոծել, թե ի՞նչ է՝ քեզ վա՞տ ես զգացել քաղաքում, ամեն հարցդ լուծվել է, ոչ մի խնդիր չես ունեցել, հորդ գերեզմանը սարքելու հարցով են սատարել, իր անունով փողոց են բացել և այլն… Վերջին հարցով ասեմ՝ Արամն այնքան բան ունի արած, որ մանվելները պարտական էին հոր առաջ, պարտավոր էին շատ բաներ անելու: Արտաշը պինդ տղա է ու պարզ ասեց՝ իր պրոբլեմն իրենք չեն, այլ՝ ժողովուրդը, որը ցավում է, չի ուզում նրանց ընկճված տեսնել: Հենց դրա համար նա չէր ուզում, որ մեկ րոպե ավելի մնան իշխանության»:
Ի դեպ, Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողների շարքերում Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի կողմնակիցներն էին: Խոսակցություններ կան, որ վերջինս ազգակցական կապ ունի Արամ Ասատրյանի հետ:
«Բարեկամներ չեն, ուղղակի ազգանուններն են նույնը: Արթուր Ասատրյանն իմ պատանեկության և երիտասարդության տարիների ընկերն է, հզոր տղա ու հրաշալի անձնավորություն է: Անկեղծ ասած՝ իրեն վերջին անգամ 23 տարեկանում եմ տեսել, հիմա 40-ն անց մարդիկ ենք: Այն հայրենասիրությունը, աստվածավախությունն ու մարդասիրությունը, որ նա ուներ ու ունի, անհերքելի է: Երբեք իր բերանից հայհոյախառն խոսք չեմ լսել, մեկի հասցեին մի ավելորդ բառ չի ասել: Այդ ընկերությունը «բոլորը՝ մեկի ու մեկը՝ բոլորի համար» սկզբունքն ուներ: Շատերը խաբվում են նրա «Դոն Պիպո» մականվանը: Դոնն ուղղակի նույն պարոնն է Իտալիայում, որտեղ նա ապրել է: Հարգարժան մարդիկ միմյանց այնտեղ դոնով են դիմում, ինչպես այստեղ՝ պարոնով: Իսկ Պիպո նրան դեռ մանկությունից են ասում, կոնկրետ մենք՝ 15 տարեկանից: Որքան հիշում եմ, ժամանակին ինքը բոլոր մարդկանց պիպո է ասել, ու այդպես իր անունն է դարձել ու մնացել: Այնպես որ, դա կնքված քրեական անուն չէ, նա վտանգավոր տղա չի, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել», - վստահեցրեց մեր զրուցակիցը:
Թե ի՞նչ մթնոլորտ է ներկա պահին Էջմիածնում, ԱՄՆ-ում բնակվող հաղորդավարը շատերի պես համացանցից ու բարեկամներից է տեղեկանում: Ասում է՝ քաղաքն անքաղաքապետ է, բայց գիտի, որ Էջմիածնում ուրախության ղողանջներ են հնչում, մարդիկ իրենց ազատագրված են համարում: Նկատառմանը, թե ինչպե՞ս է մի ամբողջ քաղաքի բնակչություն առանց ընդվզման հանդուրժել վախի մթնոլորտը, Aysor.am-ի զրուցակիցը պատասխանեց.
«Որովհետև այնտեղ կարողացել են հզոր գեներալներ խաղալ ու իրենց վտանգավոր քայլերով մարդկանց ահաբեկել: Գեներալից, նրա թիմից, հարազատ-բարեկամներից վախեցել են: Բայց մարդիկ հասան այսքան տարի ձգտած իրենց նպատակին, պատնեշները կոտրված են: Էջմիածինն, իր անվանը համապատասխան, արդեն դարձել է ողջ հայության սրբավայրը»: