loading...

Աջափնյակում նախկին ոստիկանը հորը «ձյաձով» չդիմելու համար սպանել է երիտասարդի հորը



Դիտումներ ` 1158
Աջափնյակում նախկին ոստիկանը հորը «ձյաձով» չդիմելու համար սպանել է երիտասարդի հորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Աշոտ Բաղդասարյանի գործի դատական քննությունը:

Աշոտ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ հեռախոսային խոսակցության ժամանակ իր հոր հետ Տ. Արշակյանի կողմից անհարգալից խոսելու հանգամանքը պարզելու նպատակով Աշոտ Բաղդասարյանը գնացել է Արշակյանի բնակության վայր: Այնտեղ նա վիճաբանել է Տ. Արշակյանի հետ: Վիճաբանության ընթացքում Աշոտ Բաղդասարյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ. Արշակյանի դեմքին:

Ըստ մեղադրանքի՝ որդուն պաշտպանելու նպատակով վիճաբանությանը միջամտել է Տ. Արշակյանի հայրը՝ Սամվել Արշակյանը:

Վերջինս, ըստ մեղադրանքի, Աշոտ Բաղդասարյանի առողջությանը հասցրել է թեթև վնաս: Դրանից հետո Աշոտ Բաղդասարյանը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով նախ հարվածել է Սամվել Արշակյանի գլխին՝ պատճառելով թեթև աստիճանի վնասվածք, ապա նույն ատրճանակով երեք անգամ կրակել է նրա կրծքավանդակին:

Սամվել Արշակյանը մահացել է արյան սուր կորստից:

Դատարանը ավարտել է դատաքննությունը և դատական վիճաբանությունների փուլում է:

Մեղադրող դատախազ Կ. Սավթալյանը հաստատված է գնահատել Աշոտ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքները, միջնորդել է նրան մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 10 տարի ազատազրկման:

Դատարանում ճառով հանդես եկավ տուժողի իրավահաջորդ Անի Արշակյանը՝ սպանված Սամվել Արշակյանի դուստրը:

Նա ասաց, որ լինելով դեպքին ականատես վկա, ինքը, ինչքան էլ տարօրինակ հնչի՝ գործի քննության ընթացքում փորձել է մեղմացնել իր հորը սպանած Աշոտ Բաղդասարյանի մեղքը՝ իր ցուցմունքներում նշել է, թե դեպքի պահին հոր ձեռքին «ինչ-որ բան» է տեսել :

 

 



«Իրականությունն այն է, որ հորս ձեռքին ես ոչ մի բան չեմ տեսել, այդպես եմ ասել՝ մտավախություն ունենալով»,- ասաց տուժողի իրավահաջորդը: Նա նշեց, որ երկու «ծնողազուրկ» երեխաների մայր է, մտավախություն ուներ իր ընտանիքի անվտանգության համար:

Տուժողի իրավահաջորդը խնդրեց, որ դատարանը հիմք ընդունի իր նախաքննական առաջին ցուցմունքը, որտեղ ներկայացրել է իրականությունը:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Աշոտ Բաղդասարյանը եկել է իրենց տան մոտ, դուրս է կանչել իր եղբայրներին, իր տան անդամների նկատմամբ նա «մահափորձ է կատարել… Հայրս, կյանքը վտանգի ենթարկելով, փրկել է իր ընտանիքի անդամների կյանքը… Մենք Աշոտ Բաղդասարյանի դեմ ոչինչ չենք ունեցել… Եվ Աշոտ Բաղդասարյանի արարքը ոչ մի բացատրություն չունի՝ օրենքով սահմանված կարգով…»:

Տուժողի իրավահաջորդը հռետորական հարց հնչեցրեց՝ նկատի ունենալով ամբաստանյալի դիրքորոշումը, թե կրակոցներ արձակել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում. ««Ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը… Իմ հայրն է ունեցել պաշտպանության կարիք…»:

Նշելով, որ ամբաստանյալը չի ստացել մի քերծվածք անգամ, տուժողի իրավահաջորդն ասաց՝ ամբաստանյալը ժամանակին աշխատել է ոստիկանության համակարգում ու չէր կարող չիմանալ, որ ինքնապաշտպանության նպատակով կրակում են գետնին կամ ոտքերին, ոչ թե մարդու կրծքին:

Տուժողի իրավահաջորդը պնդեց, թե ամբաստանյալի հանցավոր արարքը չի կարող մեղմացվել, նրա նկատմամբ պետք է սահմանվի օրենքով նախատեսված խիստ պատիժ. «Պնդում և պահանջում եմ»,- եզրափակեց Անի Արշակյանը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար:

Պաշտպանի ճառը դատարանը կունկնդրի ապրիլի 25-ին:

Մեր զրույցում պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալ Աշոտ Բաղդասարյանը դեպքի պահին գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նրա գործողությունները իրավաչափ են եղել, նույնիսկ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում տեղի չի ունեցել:


Աշոտ Բաղդասարյանը գնացել է պարզելու՝ ինչու է Տ. Արշակյանն իր հոր հետ խոսել՝ առանց տարիքը հարգելու: Վիճաբանությանը միջամտած Սամվել Արշակյանի ձեռքին եղել է սուր գործիք, որով նա հարվածներ է հասցրել Աշոտ Բաղդասրյանին, պատռել է նրա բաճկոնը, վնասել է մեջքը… Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ Աշոտ Բաղդասարյանի ձեռքերին, մեջքին, ոտքերին եղել են սուր գործիքից ստացած վնասվածքներ…

Ըստ պաշտպանի՝ Աշոտ Բաղդասարյանը տուժողի՝ իր վրա կատարած հարձակումը կանգնեցնելու համար նախ օդ է կրակել, հետո ատրճանակով հարվածել է տուժողի գլխին: Վերջինս ընկել ու սկսել դանակով հարվածել Աշոտ Բաղդասարյանի ոտքերին: Միայն դրանից հետո են արձակվել կրակոցները… Պաշտպանը նշեց, որ պաշտպանական ճառում առավել մանրամասն կհիմնավորի իր դիրքորոշումը և Աշոտ Բաղդասարյանի կատարած գործողությունների իրավաչափ լինելը:

Մեղադրողից հետաքրքրվեցի, թե անհարգալից ի՞նչ է ասել տուժողի որդի Տ. Արշակյանը Աշոտ Բաղդասարյանի հորը, որ Աշոտ Բաղդասարյանը գնացել է նրա բնակության վայր՝ պարզաբանում պահանջելու:

Մեղադրողի խոսքով՝ Տ. Արշակյանը Աշոտ Բաղդասարյանի հորը դիմել է… միայն անունով…

Այսինքն՝ ոչ թե մականունով, որևէ վիրավորական բառով, այլ պարզապես՝ անունով, լավ, հայկական անունով է դիմել, բայց ասենք՝ առանց «ձյաձ»-ի՝ մի խոսքով չի հարգել տարիքը…

http://www.1in.am/2328812.html


loading...

Փակել