Ադրբեջանում 2018թ.-ին ավելանալու են պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն ուղղված ծախսերը։ Այդ մասին հայտնում է Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությունը։
2018թ.-ին պաշտպանության, ազգային անվտանգության, իրավապահ և դատական մարմինների համար նախատեսված ծախսերը կազմելու են 4068,3 միլիոն մանաթ, ինչը 5,2% ավել է 2017թ.-ի համեմատ։
2738,7 կամ 67,3% (+3,7%) ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, իսկ 1329,5 կամ 23,7% (+8,6%) իրավապահ և դատական համակարգին։
Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի շարունակական ու գիտակցված հրահրումը հանգեցնում է նրան, որ ՀՀ-ն ստիպված է լինում գնել նորանոր զենքեր բյուջեի դեֆիցիտի, արտաքին մեծ պարտքի (տնտեսական ծանր վիճակի բարելավման հեռանկարներ չկան) պայմաններում: Երևանին մնում է միայն դիմել Բաքվին զենք վաճառելու համար հայ հասարակության շրջանում լայնորեն քննադատվող ՌԴ-ին նոր վարկեր ստանալու և ռազմական բալանսը պահպանելու համար։
Մոսկվային այս իրավիճակը լիովին ձեռնտու է: Շատ լավ տիրապետելով ՀՀ-ի տնտեսական առկա վիճակին, հեռանկարներին ու ներուժին՝ ՌԴ-ն ռազմական վարկերի միջոցով մեծացնում է ՀՀ-ի ռազմատեխնիկական կախվածությունը Մոսկվայից, ինչն էլ բերելու է մոտակա տասնամյակների ընթացքում քաղաքական, աշխարհաքաղաքական միակողմանի կախվածության։
Այս իրավիճակը շտկելու համար ՀՀ-ն պետք է ունենա միջոցներ, կառուցի նորմալ տնտեսություն, տնտեսապես հզորանա, որպեսզի լրացուցիչ եկամուտներ հատկացնի սեփական ռազմական արդյունաբերության կառուցմանը (Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով) ու մի շարք զինատեսակներում կամ գոնե արկերի մասով դառնա ինքնաբավ երկիր։
Դրան զուգահեռ` Երևանը պետք է ռազմատեխնիկական նոր կապեր ստեղծի (կրկին ֆինանսներ ունենալու պարագայում) այլ երկրների հետ: Դրանք կարող են լինել արտատարածաշրջանային՝ Չինաստան, Հնդկաստան, Արևելյան Եվրոպայի երկրներ, Լատինական Ամերիկա․ այդտեղ ազդեցիկ հայ համայնքներ կան, իսկ ռազմական համագործակցությունը բխում է քաղաքական սերտ կապերից