hraparak.am-ը գրում է.
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ժամանակին՝ 2012 թվականին, երբ դեռ փոխվարչապետ չէր, հանրությանն էլ հայտնի դեմք չէր, բավականին ուշագրավ մի պատմության մեջ է ներքաշված եղել։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ 2012 թվականին Միրզոյանին 9000 դրամի վնասի փոխհատուցման և սանհանգույցը տեղափոխելու պահանջով դատի է տվել նրա ներքևի հարևանը։
Միրզոյանը, որ այդ ժամանակ բնակվում էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզե փողոցի 12 շենքի 9-րդ բնակարանում, իր տան սանհանգույցից «ջրել է» իր ներքևի հարևանին։ Դրա հետևանքով հարևանին պատճառվել է նյութական վնաս։
Հենրիկ անունով հարևանն էլ խնդրել է Միրզոյանին տեղափոխել իր սանհանգույցը, նաև վնասի փոխհատուցում է պահանջել։ Վնասն էլ գնահատվել է շատ սիմվոլիկ գումար՝ 9000 ՀՀ դրամ։
Բայց Միրզոյանը մերժել է կատարել հարևանի խնդրանք-պահանջը՝ ոչ սանհանգույցն է տեղափոխել, ոչ էլ իր կողմից պատճառված ընդամենը 9000 դրամի վնասն է փոխհատուցել։ Հարևանն էլ դիմել է դատարան։
Դատարանը երկու տարի քննել է այս գործը, վերջում կարճել, քանի որ հարևանն, ի վերջո, հրաժարվել է հայցից։ Գործից, սակայն, այդպես էլ պարզ չի դառնում՝ Արարատ Միրզոյանը վճարե՞լ է իր հարևանի 9000 դրամն ու տեղափոխե՞լ է սանհանգույցը, թե՞ հարևան Հենրիկը, 9000 դրամից հույսը կտրած, ճարահատյալ հրաժարվել է իր պահանջներից։