Երեկ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ԱԳՆ ու խոսել դիվանագիտության խնդիրների մասին: Նրա ելույթը բավական խիստ տոնով է եղել, մասնավորապես, նա ԱԳՆ-ին փաստացի մեղադրել է ցածր արդյունավետության, աշխարհում տեղի ունեցող բուռն փոփոխությունների ու մարտահրավերների բնույթը ժամանակին չհասկանալու մեջ:
«Դիվանագիտության խնդիրն է ժամանակին կանխատեսել ու հասկանալ դրանց բնույթը, կարողանալ դրանք հնարավորինս արդյունավետորեն ծառայեցնել մեր երկրի շահերին», ասել է Սերժ Սարգսյանը: Փոփոխություններն ու մարտահրավերները պարունակում են նաեւ հնարավորություններ, քանի որ փոխվում է աշխարհակարգը, մի կողմ են նետվում այդ ճանապարհին արդեն խոչընդոտ դարձած միջազգային նորմերն ու կանոնները:
Սերժ Սարգսյանն ասում է, որ դրանք պետք է ծառայեցնել մեր երկրի շահերին: ԱԳՆ-ում նման հայտարարությունը կամա թե ակամա դառնում է ակնարկ, նկատի առնելով քաղաքական-փորձագիտական հանրության մի զգալի մասի գնահատականը, ըստ որի՝ ՀՀ ԱԳՆ-ն Նալբանդյանի գլխավորությամբ ավելի շատ սպասարկում է Ռուսաստանի շահերը, քան Հայաստանի, միջազգային ասպարեզում վերածվելով Ռուսաստանի համար «լրացուցիչ ձայնի»: Իրենք, պատասխանատուները, այս դեպքի համար ունեն պատրաստի կաղապար-պատասխան՝ քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, ուրեմն շահերի համընկնում կա:
Շահերն իհարկե լայն հասկացություն են, սակայն այս թեզը ժամանակի ընթացքում լիովին «մերկացել» է հայ-ռուսական հարաբերությունների ասպարեզում ակնհայտ իրողությունների ու հակասությունների պայմաններում:
Սակայն սա չէ խնդիրը, այլ այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականում ինքնիշխանության խիստ ցածր աստիճան ունի: Նույն Ռուսաստանի հետ, շահերի հակադրության պայմաններում անգամ, հնարավոր է կառուցել որոշակի հարաբերություններ՝ փոխադարձ պարտավորությունների կամ դրանցից հրաժարվելու սխեմայով:
Այս ֆոնին, ԱԳՆ-ում Սերժ Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ Հայաստանի համար հասունացել է ազգային անվտանգության ռազմավարությունն արդիականացնելու ժամանակը: Հետաքրքիր է, որ նույն օրն Ազգային ժողով է այցելել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ ԱԺ հայ-ամերիկյան բարեկամական խմբի անդամներին ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
«ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված բոլոր նպատակներն այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր», ասել է դեսպանը: Հետաքրքիր է նաեւ, որ նույն օրը ԱՄՆ-ում հրապարակվեց «Կրեմլի ցուցակը», որտեղ ընդգրկված է ռուսական ողջ իշխանական-բիզնես վերնախավը: Փաստացի, ԱՄՆ-ն «օդից կախեց» նրանց՝ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով, որն ավելի ուժեղ միջոց է, քան անմիջապես պատժամիջոցները:
Սա իհարկե մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը քաղաքական ու տնտեսական կախվածության մեջ է Ռուսաստանից: Մյուս կողմից, սա նաեւ հնարավորություն է, քանի որ Հայաստանն այդպիսով, երկրի շահերից բխող քաղաքականության ռեժիմի անցնելու դեպքում, կարող է նվազեցնել այդ կախվածությունը: ԱՄՆ քաղաքական ոճը տարբերվում է Ռուսաստանից նրանով, որ կառուցվում է ընդհանուր շահերի վրա:
ԱՄՆ-ն Հայաստանին արդեն իսկ «մատուցել» է ընդհանուր շահերի օրինակ՝ Ղարաբաղում թույլ չի տվել ռուսական պլանի իրագործումը, աջակցել է նորագույն սարքավորումներով, որոնք սահմանափակել են Ադրբեջանի ռազմական հնարավորությունները, օգնում է դիվերսիֆիկացնել Հայաստանի քաղաքական ու տնտեսական տարբեր ոլորտներ եւ այլն:
Արդյոք Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունն արդիականացնելու անհրաժեշտությունը բխում է այս իրողություններից եւ գիտակցվում է ամբողջությամբ: Դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է ներքին ռեֆորմացիա եւ արտաքին ու պաշտպանական ինքնիշխան քաղաքականություն: Մեռյալ աշխարհակարգի նորմերի վրա մակաբուծելու ժամանակներն անցել են: Մնալու են նրանք, ովքեր համարժեք են լինելու նոր իրողություններին:
Նյութի աղբյուրը` Yelaket.am