Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրություն տված և իրենց անձը գաղտնի պահող պատգամավորները և՛ իրենց վիճակն են բարդացնում, և՛ քննության համար են խնդիր ստեղծելու։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։
Նշենք, որ այս պահին ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը 46-ն է՝ 42 ՀՀԿ-ական, 3-ը՝ ՀՅԴ-ական և 1-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից: Ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցություններից՝ բացի «Ելք»-ից։ Հայտնի է նրանցից միայն չորսի անունները՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանով և Արփինե Հովհաննիսյան, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Իշխան Զաքարյան:
Սաֆարյանը ստորագրողների անունների մեծ մասը գաղտնի պահելն աննախադեպ և անհասկանալի է համարում։ «Որովհետև, եթե ժողովրդի կողմից չակերտավոր ընտրված մարդիկ համարում են, որ իսկապես ճիշտ բան են անում, պիտի ոչինչ չկաշկանդի իրենց, որ հրապարակավ բացահայտեն, թե, այո, գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պիտի փոխվի, պիտի հիմնավորեն, թե ինչպես է խախտվում Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, եթե նա կալանքի տակ է, համոզիչ բացատրեն, որ եթե Քոչարյանը չլինի կալանքի տակ, չի ազդի քննության վրա»,- ասել է քաղաքագետն ու հիշեցրել ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանի հետ կապված իրավիճակը. «Փաստն այն է, որ նույն Վալերի Պողոսյանի հետ կապված իրավիճակը, երբ մի կողմից նա խուսափում է օգտագործել ճնշում բառը իր հետ կատարվածի առնչությամբ, մյուս կողմից էլ՝ չի կարողանում հերքել, ցույց է տալիս, որ Քոչարյանը, նույնիսկ կալանքի տակ գտնվելով, ազդում է վկաների վրա, կաշկանդում՝ երևույթներն ու իրերը բնութագրելու իրենց անուններով։ Մի քիչ դժվար է հավատալ, որ իրավաբան, ՍԴ դատավոր եղած մարդը ճնշումը չի տարբերում։ Ուրեմն պատճառ կա։ Սովորական քաղաքացին կարող է չջոկել, որ ինչ իրեն ասվել է, ճնշում է՝ անկախ տոնից։ Իրավաբանը, այն էլ ՍԴ դատավորը, չի կարող ճնշումը չտարբերել»։
Ըստ Սաֆարյանի՝ սա միայն ցույց է տալիս, որ դեռևս վախ կա, և խնդիր ենք ունենալու քննության հետ կապված, որովհետև իրավիճակն ազդում է վկաների վրա։
Ընդ որում, այդ իրավիճակը ստեղծում է նաև այդ 46 ստորագրությունը, որովհետև վկաները կարող են մտածել, որ Քոչարյանը տակավին ուժեղ է, կարող են լինել վտանգներ, եթե անկեղծ ցուցմունք տան։ «46 մարդը և՛ իր վիճակն է բարդացնում, և՛ քննության համար են խնդիր ստեղծելու։ Նրանց ոչ ոք չի սպանելու, չեն հետապնդելու, եթե իրենք չեն առնչվում քրգործի հետ։ Անհասկանալի է, թե ինչն են թաքցնում։ Ակնհայտ է դառնում, որ այս 46 ստորագրության նպատակը ոչ թե ուղղակի մտահոգությունն է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդում չլինի, այլ նպատակն է, որ թույլ չտալ, որ բացահայտվի Մարտի 1-ը։ Տպավորություն է ստեղծվում, որ իրենք խոչընդոտում են քննությանը, ինչը ևս հանցագործություն է»,- նկատել է Ստեփան Սաֆարյանը։
Նրա բնորոշմամբ՝ վտանգ կա, որ Քոչարյանն այսկերպ կարող է դառնալ հակահեղափոխության պարագլուխ։ «Եթե նախկինում Քոչարյանը նախընտրում էր այլ ստվերային խողովակներով և տիկնիկավարի թելերով մասնակցել քաղաքական կյանքին, ապա այժմ, հատկապես նրա վերջին հարցազրույցից հետո, երբ իր վրա քաղհալածյալի պսակ դնելու նպատակով շտապեց հայտարարել, թե մասնակցելու է առաջիկա ընտրություններին, ակնհայտորեն հարուցված գործը, մեղադրանքի ծանրությունը նրան ստիպում են անցել քաղաքական պայքարի դաշտ, աշխատել այն մարդկանց վրա, ովքեր գտնվում են իր ազդեցության տակ, ունեն կախում՝ կլինի դա կոմպրոմատ, թե երախտագիտություն օգտվածի դիմաց, որքան էլ նկատելի չէ, նա փորձելու է դառնալ հակահեղափոխության առաջնորդը, սա միանշանակ է, և կասկածից վեր է։ Այդ մարդիկ, որոնք վախենում են իրենց անունները հրապարակել, հենց դրանով ցույց են տալիս, որ դա անապագա է և եթե դա ապագա ունենար, հենց առաջին պահից կհրապարակեին։ Իրենք էլ վստահ չեն, որ սա հաղթող տարբերակ է, և իրենց դրել են վտանգավոր վիճակում»։
Քաղաքագետը կարծում է, թե ՀՅԴ-ն պետք է լքի կառավարությունը, քանի որ այդ խմբակցության երեք պատգամավորներ ստորագրել են Քոչարյանի համար։ «Ժամանակին ՀՅԴ-ն էր ասում, որ անհամաձայնություն է ունեցել, դուրս է եկել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կոալիցիաներից։ Սա փոքրագույն խնդիր չէ, մեծագույն է, և եթե այդ խնդրով ունեն տարաձայնություններ, քաղաքական էթիկան պահանջում է վայր դնել լիազորությունները և դառնալ ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Եթե իրենք դա չեն անում, Փաշինյանն ինքն պիտի ազատ զգա դա անելու համար»,- ասել է Ստեփան Սաֆարյանը՝ նկատելով, որ հստակություններ կմտնեն օգոստոսի 17-ից հետ. «Փաշինյանն ինքն էլ է զգում վտանգը և հանրահավաքով ուժի ցուցադրություն է անելու՝ հասկացնելով, որ հակահեղափոխությունն ապագա չունի։ Երբ պարզ կդառնա, որ նա շարունակում է վայելել ժողովրդի աջակցությունը, կհաջորդեն կոնկրետ գործողություններ։ Կամ այս 46-ը կհանձնվեն, կհասկանան, որ իրենց քաղաքական կարիերան խորտակող ուղին են ընտրել, կամ Փաշինյանն ինքը ջրբաժան կանցկացնի»։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ 46 պատգամավորների անունները չհրապարակելու փաստը ոչ ադեկվատություն է համարում։ «Դա պատճառ չունի, վաղ թե ուշ իմացվելու է, դա գաղտնի պահել հնարավոր չէ։ Հասկանալի է, որ երկրորդ նախագահն այնպիսի ընկալումներ ունի հանրության մոտ, և ստորագրություններ դնողները երևի չեն ցանկանում, որ այդ բացասական ընկալումը փոխանցվի իրենց։ Իմացվելու է, և այդ ընկալումն էլ փոխանցվելու է։ Տրամաբանություն չկա։ Այսօր, եթե ոչ վաղը, իմացվելու է»,- ասել է նա։
Քաղտեխնոլոգը խնդիր չի տեսնում, որ Քոչարյանը կկարողանա այս ստորագրությունների քանակով հակահեղափոխության առաջնորդ դառնալ։ «Դրա համար անհրաժեշտ է ԲՀԿ-ի ցանկությունը։ Արդյո՞ք ԲՀԿ-ն կցանկանա, որ անունը ասոցացվի երկրորդ նախագահի հետ։ Ինչպես մի քանի պատգամավորներն են ասել՝ սա զուտ իրավական գործ է, և չեն աջակցում ստորագրահավաքին․ մի բան է ստորագրություն դնել՝ ցանկանալով խափանման միջոցը փոխել, մեկ այլ բան՝ ստորագրություն դնել և ԱԺ միջոցով իշխանության բերել։ Առաջինը հնարավոր է, երկրորդը՝ քիչ հավանական, սակայն չի բացառվում։ Այս գործով հետաքրքրություն ունի նաև Ռուսաստանը՝ հօգուտ երկրորդ նախագահի»,- նշել է նա։