loading...

24-ամյա երիտասարդն իր ծննդյան օրը մեքենայով բախվել է դիմացից եկող «Տոյոտային», մահացել են նրա 3 ընկերները



Դիտումներ ` 1910
24-ամյա երիտասարդն իր ծննդյան օրը մեքենայով բախվել է դիմացից եկող «Տոյոտային», մահացել են նրա 3 ընկերները

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Սասուն Դ.-ի գործի դատական քննությունը:

24-ամյա Սասունին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Սասուն Դ.-ն, չունենալով վարորդական իրավունքի վկայական, իր ծննդյան օրը՝ 2016 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում վարել է «ՎԱԶ-21099» ավտոմեքենան, որի մեջ եղել են հինգ ընկերները՝ Արենը, Էմիլը, Դավիթը, Արմենն ու Միրանը:

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից դեպի Վանաձոր ընթանալիս, գյուղի 5-րդ փողոցի 16-րդ տան մոտ Սասունը, ըստ մեղադրանքի, դուրս է եկել վազանցի, մեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, ստեղծել է վթարային իրադրություն, խախտել է օրենքի համապատասխան հոդվածի ու ՃԵԿ համապատասխան պահանջները, խոչընդոտել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող «Տոյոտա Պրադո» մեքենայի երթևեկությանն ու բախվել է նրան:
Ըստ մեղադրանքի՝ Սասուն Դ.-ն, իր գործողություններով պայմանավորելով ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկել է այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Վթարի հետևանքով Սասուն Դ.-ի մեքենայի ուղևորներ, նրա ընկերներ Արենը, Էմիլը և Դավիթը մահացել են, երկու ընկերները ստացել են մարմնական վնասվածքներ… Սասուն Դ.-ն վթարի հետևանքով ստացել է ծանր մարմնական վնասվածքներ…

Սասուն Դ.-ն դատարանում դիրքորոշում չի հայտնել, պատճառաբանել է, թե ոչինչ չի հիշում՝ սկսած դեպքի օրվա առավոտից: Դեպքի մասին իմացել է հիվանդանոցում՝ դեպքից 15 օր հետո, երբ գիտակցության է եկել: Իր ընտանիքի անդամներն են ասել, որ տղաներով վթարի են ենթարկվել, բայց այդ ժամանակ չեն ասել, որ ընկերները մահացել են: Ինքն այդ մասին իմացել է հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ:

Մորից իմացել է, որ դեպքի օրը արթնացել, մեքենայով գնացել աշխատանքի, վերադարձել է ժամը 14-15-ի սահմաններում, հաց է կերել: Քիչ հետո Արենը զանգել ու կանչել է իրեն: Ինքը գնացել է: Իսկ երեկոյան մայրն իմացել է, որ իրենք վթարի են ենթարկվել:
Սասուն Դ.-ն ասել է՝ եթե դատարանը գտնի, որ ինքն է մեղավոր վթարի համար, զղջում է, պատրաստ է կրելու իր պատիժը:
Նախաքննության ընթացքում ընդունել է մեղադրանքը, քանի որ չգիտեր՝ գործն ինչ ընթացք կունենա…

Մեքենան, որով վթարի են ենթարկվել, ինքը գնել էր, բայց չէր հասցրել անվանափոխություն կատարել: Չնայած վարորդական իրավունքի վկայական չունի, բայց մեքենան վարում էր: Պետք եկած ժամանակ մեքենան վարում էին նաև ընկերները:

Սասունը նշել է, թե չի հիշում՝ դեպքի պահին ի՞նքն էր ղեկի մոտ, թե՞ Արենը, ով մահացել է: Նա հայտնել է, թե համաձայն չէ դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացության հետ, ըստ որի՝ վթարի ժամանակ մեքենայի ղեկին եղել է ինքը: Իր կարծիքով՝ եթե ինքը լիներ ղեկի մոտ, ողջ չէր մնա:

Նախաննության ընթացքում Սասուն Դ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Չի առարկել վերոհիշյալ փորձաքննության եզրակացության դեմ:



Նույն մեքենայում գտնված ու ողջ մնացած տուժողներ Արմենը և Միրանը նշել են, թե չեն հիշում՝ ով էր դեպքի պահին նստած մեքենայի ղեկին: Ըստ Արմենի՝ քանի որ մեքենան Սասունինն էր, հնարավոր է՝ նա էր վարում, բայց հնարավոր է՝ Արենն էր վարում՝ նա իրենցից ավելի լավ էր մեքենա վարում…

Ողջ մնացած տուժողներն ասել են, թե Սասունի մեքենայով Դավիթին տանում էին Վանաձոր… Արմենը նստած է եղել հետևի նստատեղի ձախ կողմում: Ճանապարհին նկատել են դեմ-դիմաց եկող սև գույնի «Տոյոտա Պրադո»: Արմենը գոռացել է «փախցրա, փախցրա»: Նույն պահին մեքենան բախվել է «Տոյոտային»: Մնացածը չեն հիշում…

Տուժող Միրանը նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե դեպքի պահին մեքենայի ղեկին Սասունն էր:

Տուժողի իրավահաջորդ Գայանե Ս.-ն հայտնել է, որ Արենը իր միակ որդին էր: Դեպքի օրն ինքը որդու հետ Վանաձորում էր՝ նոտարական գրասենյակում գործարք էին կատարում: Գրասենյակում ընդմիջում էր, իրենք սպասում էին, որ գործարքն ավարտեն: Այդ ընթացքում Արենին անընդհատ զանգում ու կանչում էին Սասունը, Արմենը ու մյուսները: Որդին նրանց ասում էր, թե գործերով զբաղված է:

Մինչև ժամը 16-ը Արենն իր հետ էր, հետո գնացել է ընկերների մոտ: Նա ասուն էր, թե Սասունի ծննդյան օրն է, պետք է նշեն: Իրենք պիտի գնային բարեկամի տուն՝ ցավակցելու բարեկամներից մեկի մահվան առիթով: Պայմանավորված ժամին Արենը տուն չի վերադարձել: Հետո լուր է ստացվել, որ Սասունի մեքենայով վթարի են ենթարկվել: Ինքը գնացել է դեպքի վայր, այնտեղ իր որդին չկար՝ տեղափոխել էին: Իրեն չասացին, որ որդին մահացել է:

Տուժողի իրավահաջորդը նշել է, թե իր իմանալով՝ ղեկին նստած է եղել Սասունը: Դեպքի հաջորդ օրը լուրեր են տարածել՝ իբր ղեկին եղել է իր որդի Արենը: Ինքը մեղավորության զգացում է ունեցել… Բայց պարզվել է, որ դա սուտ է: Հաջորդ օրը լուր են տարածել՝ իբր ղեկին Էմիլն է եղել: Դա նույնպես հերքվել է: Փորձագետների եզրակացությամբ՝ ղեկին եղել է Սասունը, բայց նա, Արմենն ու Միրանը թաքցնում են ճշմարտությունը:

Իր որդի Արենը եղել է վարորդի կողքի նստատեղին: Այդ մասին բոլորը գիտեն, այդ մասին ասել են վթարից հետո ողջ մնացածները, բայց նրանք արդեն ստում ու թաքցնում են ճշմարտությունը՝ ըստ տուժողի իրավահաջորդի: Ինքը լսել է, որ «Տոյոտան» ընթացել է շատ բարձր արագությամբ՝ 150 կմ/ժ: Պահանջում է «բացահայտել գործի իրական հանգամանքները, կայացնել արդարացի դատ և Սասուն Դ.-ին պատժել օրենքի ամբողջ խստությամբ»:


Տուժողի իրավահաջորդ Արտյոմ Ս.-ն՝ վթարի ժամանակ մահացած Դավիթի հայրը, նշել է, որ իր իմանալով՝ «Տոյոտան» ընթացել է շատ բարձր արագությամբ՝ 180 կմ/ժ: Նա կարծիք է հայտնել, թե Սասուն Դ.-ն վթարի համար այնքան էլ մեղավոր չէ, մեղավորը եղել է «Տոյոտայի» վարորդը, իր պահանջը նրանից է…

«Տոյոտայի» վարորդ Արամիկ Ա.-ն գործով վկայի կարգավիճակ ունի: Նա հայտնել է, թե ընթացել է 60-70 կմ/ժ արագությամբ՝ Վանաձոր-Դիլիջան ուղղությամբ: Նախքան Մարգահովիտ գյուղի արագաչափին հասնելը նկատել է դեպի Վանաձոր ընթացող բեռնատար: Նրան սկսել է վազանց կատարել «ՎԱԶ-21099» մեքենան, որն ընթանում էր մոտ 100 կմ/ժ արագությամբ: Այդ մեքենան տեսնելու պահին դրա ու իր մեքենայի հեռավորությունն արդեն մոտ 50-60 մետր էր: Դեպքը տեղի է ունեցել ակնթարթորեն, ինքը նույնիսկ չի հասցրել արգելակել մեքենան: «ՎԱԶ-21099»-ը դուրս էր եկել իր ուղեմաս, իր ուղեմասում էլ բախվել է իր մեքենային ու կողաշրջվել: Ինքը հավաքված մարդկանց հետ օգնել է տուժածներին, որոնց մեջ կային մահացածներ: Իմանալով, որ տուժողները Մարգահովիտ գյուղից են, ինքը վախեցել է նրանց հարազատներից, հեռացել է վթարի վայրից ու գնացել է ոստիկանություն:

Ըստ համալիր փորձաքննության եզրակացության՝ վթարի պահին «ՎԱԶ-21099» մեքենայի ղեկին գտնվել է Սասուն Դ.-ն: Դա հիմնավորվել է նրա՝ վարորդի նստատեղում գտնվողին բնորոշ մարմնական վնասվածքների, հագուստի վնասվածքների բնույթով…

«Տոյոտայի» վարորդ Արամիկ Ա.-ի, Սասուն Դ.-ի, ողջ մնացած տուժողների արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել…

Դատարանը հաստատված է համարել Սասուն Դ.-ի մեղքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, նրան դատապարտել է 8 տարի ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Դատարանը մասնակիորեն բավարարել է տուժողի իրավահաջորդ Գայանե Ս.-ի ներկայացրած քաղհայցի պահանջը՝ Սասուն Դ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն դրամ՝ որպես տուժող Արենի հուղարկավորության ծախսերի հատուցում…

http://www.1in.am/2268893.html

 


loading...

Փակել