loading...

Ճըվ Ճըվ Արոյի որդու սարսափելի բացահայտումը



Դիտումներ ` 1903
Ճըվ Ճըվ Արոյի որդու սարսափելի բացահայտումը

Հետտոնական աշխատանքային առաջին օրը հանրությանը շոկի ենթարկեց Երեւանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական դեպքը, որի հետեւանքով մահացավ Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից: Նրանք դարձան ավտովթարի զոհ, որի մեղավոր լինելու համար կասկածվում է Ճըվ Ճըվ Արո մականունով քրեական հեղինակության որդին, ոմն Սաքուլիկ, որն ինքն էլ տարբեր այլ առիթներով հայտնվել է աղմկոտ պատմությունների մեջ, բայց, ինչպես ասում են, ջրից դուրս է եկել չոր:

Այժմ նա դարձել է սարսափելի ավտովթարի մասնակից: Համացանցում հայտնվել է տեսանյութը, հավանաբար խաչմերուկի տեսախցիկներով արձանագրված: Սաքուլիկի մեքենան բավական մեծ արագությամբ բախվում է ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության մեքենային, որը մուտք է գործում խաչմերուկ:

Տեսանյութում կարծես թե երեւում է, որ Ճանապարհային ոստիկանության մեքենան խաչմերուկ է մուտք գործում կարմիր լույսի առկայությամբ: Տեսանյութն առնվազն առաջացնում է հարցեր, դարձել է համացանցում բանավեճի առարկա՝ վթարի մեղավորության հարցով: Արդյոք ՃՈ մեքենան ուներ կարմիր լույսի տակ խաչմերուկ մուտք գործելու անհրաժեշտություն, արդյոք մյուս մեքենան գերազանցել է արագությունը՝ իր կանաչ լույսի տակ խաչմերուկ մուտք գործելիս, արդյոք այդ մեքենայի վարորդը եղել է սթափ վիճակում: Մյուս կողմից, արդյոք սթափ վիճակում լինելու եւ արագությունը չգերազանցելու դեպքում մեքենայի վարորդը կարող էր շուտ նկատել խաչմերուկ մուտք գործած ՃՈ մեքենան եւ արգելակել, եթե, օրինակ, երթեւեկեր տվյալ հատվածի համար թույլատրելի 60-70 կմ/ժամ արագությամբ:

Բոլոր այդ հարցերի պատասխանը պետք է տա անաչառ ամբողջական փորձագիտական եզրակացությունը, քննությունն ու դատարանը:

Տվյալ պարագայում խնդիրը սակայն բոլորովին այլ է, առավել ընդգրկուն, խորն ու հրատապ:

Հայաստանի ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը հասնում է գրեթե սարսափելի պատկերի: 2017 թվականի առաջին ինն ամիսների տվյալով Հայաստանում ՃՏՊ զոհերի թիվը եղել է 278 մարդ, եւ տարվա կտրվածքով մեծ է հավանականությունը, որ այդ տխուր ցուցանիշը կգերազանցի 2016-ին: 2007-2016 թվականներին Հայաստանում ՃՏՊ հետեւանքով զոհերի թիվը 3267 է:



Հասարակությունն այդ ամենին ուշադրություն դարձնում է առավելապես աղմկոտ դեպքերում, երբ շոշափվում են հայտնի կամ օդիոզ անուններ, ինչպես օրինակ Ճըվ Ճըվ Արոյի որդին: Այդպիսով հանրությունը խոշոր հաշվով իր վերաբերմունքն է ցուցաբերում ոչ թե երեւույթների, այլ անձանց հանդեպ, իսկ երեւույթը՝ այս դեպքում ողբերգական երեւույթները, դառնում են ընդամենը դրա առիթ:

Այդ իմաստով, Ճըվ Ճըվ Արոյի որդին կամա թե ակամա դարձավ հերթական սարսափելի պատկերի բացահայտող, դժբախտաբար երկու երիտասարդ կյանքի գնով: Քրեական հեղինակության, ոչ պակաս քրեական պատմությունների մեջ հայտնված որդու փոխարեն կարող էր լինել, եւ տարբեր այլ ողբերգական դեպքերում լինում են «շարքային» քաղաքացիներ, որոնք թույլ են տալիս սխալներ, հանցանք, անփութություն, կամ որոնք դառնում են դեպքերի ողբերգական դասավորության զոհ, հանգեցնելով այլ անմեղ զոհերի:

Հայաստանում ճանապարհային երթեւեկության խնդիրը պետք է վաղուց դարձած լիներ պետական-հասարակական լայն քննարկումների, ընդհուպ Ազգային անվտանգության խորհրդի քննարկման առարկա, լուծումների հստակ հայեցակարգի մշակումով եւ գործողություններով:

Եթե կա մի իրողություն, որին զոհ է դառնում տարեկան 300 կամ ավելի քաղաքացի, ապա այդ երեւույթը անհապաղ պետք է լինի պետական ուշադրության կենտրոնում եւ գնահատվի իբրեւ Ազգային անվտանգության սպառնալիք:

Իսկ երեւույթի պատճառները անկասկած բազմազան են, դրանք մեկ տեղում կամ մեկ կառույցում չեն: Հայաստանում ավելանում են ավտոմեքենաները, չի ավելանում երթեւեկության մշակույթը: Չի ավելանում ճանապարհների անվտանգությունը՝ սկսած ծածկի հարթությունից, լայնությունից, մինչեւ լուսավորություն, ճանապարհային նշանների պատշաճ կահավորում:


Էական փոփոխության կարիք ունի Ճանապարհային ոստիկանության աշխատանքը, կամ գուցե ընդհանրապես կա այդ հարցում կառուցվածքային փոփոխության անհրաժեշտություն եւ պարզապես ՃՈ գործառույթ ներառող պարեկային ոստիկանության ստեղծում: Կա կանոնների խախտման մի շարք տեսակների համար տուգանքների շոշափելի բարձրացման անհրաժեշտություն: Կա Երեւանում ճանապարհային երթեւեկության կարգավորման սխեմայի արմատական վերանայման անհրաժեշտություն, ներառյալ փողոցային լուսավորությունը, գծանշումները, լուսացույցերի աշխատանքը, նաեւ այլ կարգավորումներ:

Հսկայական անելիք ունեն ոստիկանությունը, Երեւանի քաղաքապետարանը, տրանսպորտի նախարարությունը, ու նաեւ քննչական մարմիններն ու դատարանները, որոնք իրենց հերթին պետք է բացառեն որեւէ խտրական վերաբերմունքը պատասխանատվության հարցում՝ լինի պաշտոնյա, օլիգարխ, թե քրեական հեղինակություն, կամ բոլորը միասին:

Այլապես, դաժան ու ողբերգական, «էքստրեմալ» շոուի մակարդակով կանցնի հերթական ողբերգական միջադեպը, հանրությունը դարձյալ իր անհատական կամ անձնական վերաբերմունքով, համակրանքով ու հակակրանքով կորոշի մեղավորին, եւ կարճ ժամանակ անց ամեն ինչ կմոռացվի:

Իսկ մինչ այդ, հունվարի 9-ի առավոտյան տարածվել է ՃՏՊ հետեւանքով հերթական ողբերգական լուրը՝ Արարատում վրաերթ մահվան ելքով: Տարեմուտից ի վեր, անցնող 9 օրեր ընթացքում, ՃՏՊ հետեւանքով զոհերի թիվը արդեն մոտենում է տասնյակի:

http://www.lragir.am/index/arm/0/society/view/167868


loading...

Փակել