Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել Մանե Թանդիլյանը: Այս մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում. «Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը մեկ տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը»։
Մանե Թանդիլյանն ասում է, որ իր առաջարկը չի ընդունվել և հայտարարել է կառավարությունից և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հեռանալու մասին:
Երեկ կառավարության նիստում բուռն քննարկումների արդյունքում ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխություններ կատարելու առաջարկը, որն ուղարկվելու է Ազգային ժողով: Ըստ այդմ՝ այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց եկամուտների 2․5 տոկոսը փոխանցեն այդ համակարգին: Դեռ երեկ պարզ դարձավ, որ այս հարցում կառավարության ներսում կոնսենսուս, մեղմ ասած, գոյություն չունի: Դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հենց նիստի ժամանակ հակադրվեց կառավարության որոշմանը, ինչը նրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ այնքան քաղաքական բանավեճի առիթ հանդիսացավ:
Նախարարներ ունեցող ՀՅԴ-ն դեմ է պարտադիր բաղադրիչին. այսօր այս մասին ուղիղ տեքստով հայտարարել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ավելին` ՀՅԴ ղեկավար գործիչը զորակցել է կուսակցական նախարարին բավականին կտրուկ տոնով` ասելով, որ «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը իրեն հիշեցնում է ստալինյան շրջանը:
Նման կոշտ գնահատականներից հետո տրամաբանական կլինի, որ դաշնակցական նախարարները հետևեն Մանե Թանդիլյանի օրինակին ու հրաժարական տան` թեև Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ հենց վարչապետը կարող է նախաձեռնել կոալիցիոն հարաբերությունների խզումը ՀՅԴ-ի հետ:
Այս ամենի համատեքստում բնական հարց է առաջանում` կառավարության ծրագիրը գրելու ժամանակ կուտակայինի հարցը չի՞ քննարկվել, դիրքորոշումներն ու հնարավոր լուծումները չե՞ն հստակեցվել։ Սա Հայաստանի նորագույն պատմության ամենակարևոր ու ամենալուրջ ռեֆորմներից մեկն է։ Ասել կուզի` եթե այս հարցում կոնսենսուս չի ձևավորվել նախապես, ապա անկարելի է պատկերացնել, թե ինչպես է ձևավորվել կոալիցիոն կառավարությունը կամ մշակվել միասնական ծրագիր:
Ստացվում է` կառավարությանը մասնակից ուժերը համաձայնության են եկել ոչ թե օրակարգի, առաջնահերթությունների կամ ծրագրի, այլ` պաշտոններ բաժանելու շուրջ:
Եվ պատահական չէ, որ կառավարության առաջին` ըստ էության, ծրագրային նախաձեռնությունն ուղեկցվեց քաղաքական հրաժարականով:
Սակայն կառավարության ճգնաժամը սրանով չի վերջանում, որովհետև «Բարեգործության մասին» օրենքի նախագծի մեջ էլ` ԲՀԿ պատգամավորներն են տեսնում դավադրություն Գագիկ Ծառուկյանի շահերի դեմ: Խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանին չի գոհացնում կառավարությունում գործընկերային հարաբերությունների որակը. «Մենք պահանջում ենք համարժեք վերաբերմունք, դա պետք է լինի, որովհետև մեր պատկերացումներն ապագայի մասին հնարավոր է տարբերվի ձեր ունեցածից»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտարարել է Մելքումյանը:
Այսպիսով` Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը փաստացի ճգնաժամի մեջ է, ինչը մենք կանխատեսել էինք դեռ մեկ ամիս առաջ. այլ բանի չէր կարող հանգեցնել հեղափոխության հարթակի և գործող խորհրդարանական խճանկարի թեկուզև ժամանակավոր կոմպրոմիսը` արտահերթ ընտրությունները հետաձգելու գնով:
Այսօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը դեռ շատ բարձր է և նրա հրաժարականները կամ կոալիցիոն գործընկերների կոշտ քննադատությունն առայժմ չի կարող հարվածել նրա իշխանության կայունությանը:
Վաղը, երբ վարչապետի վարկանիշային անկումն անխուսափելի կլինի, ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ն ներկայացնող նախարարները կարող են չսահմանափակվել միայն տեսարաններով և դիմել սաբոտաժի, մանավանդ` քանի մոտենում են ընտրությունները, Գագիկ Ծառուկյանի և ՀՅԴ վերնախավի համար Փաշինյանը դառնում է քաղաքական մրցակից, որի ձախողումն այս կուսակցությունների օրակարգում առաջնահերթություն է:
Ժամանակավոր կառավարության մոդելը հեղափոխության առաջնորդի տակտիկական սխալն էր, առաջիկա ընտրություններում քաղաքական ձախողումը կլինի հեղափոխության պարտությունը, որովհետև ապրիլ-մայիսին քաղաքացիական անհնազանդության դուրս եկած տասնյակ հազարավոր մարդկանց համար ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, ՀՀԿ-ից ոչ պակաս, ասոցացվում են քրեաօլիգարխիայի և նախկին իշխանությունների հետ:
Մեկ տարվա լարվածությանն ու անորոշությանը պետական համակարգը դիմանալ չի կարող, եթե նույնիսկ անընդհատ սնվում է հեղափոխության ակունքից:
Արտահերթ ընտրությունները պետք չէ հետաձգել մեկ տարով ու անհրաժեշտ է անցկացնել ամենաուշն այս տարեվերջին: Քաղաքական ուժերի անպատրաստ լինելու թեզը չի աշխատում. այդ ուժերը, նկատի ունենք` դեմոկրատական հակակշիռը, ձևավորված չի լինելու նաև մեկ տարի հետո, փոխարենը կարող է տրանսֆորմացվել, մոդիֆիկացվել հակահեղափոխությունը: Հեղափոխությունն ընտրություններում մեկ անգամ պետք է հաղթի, որպեսզի ճանապարհ բացի ռևանշիզմի բաղադրիչից զուրկ ընդդիմության ձևավորման համար:
Ժամանակավոր կառավարության առաջին ճգնաժամն ակտուալացնում է արտահերթ ընտրությունները հնարավորինս արագ անցկացնելու հրամայականը: