Պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը դեկտեմբերի 13-ին Հայաստանում ՆԱՏՕ շաբաթի մեկնարկի առիթով ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը ՆԱՏՕ անդամ երկրների հետ բանակցում է ռազմա-տեխնիկական գործակցության շուրջ: Ըստ Այվազյանի, դա չի ենթադրում միայն սպառազինության ձեռքբերում, այլ ռազմաարդյունաբերական համատեղ նախագծեր ու նախաձեռնություններ:
ՊՆ պաշտոնյան թվարկել է Հունաստանը, Լեհաստանը, որպես ՆԱՏՕ անդամ պետություններ, որոնց հետ կա ռազմարդյունաբերական գործակցության փորձ: Այլ պետություններ նա չի թվարկել, թեեւ չի ասել, որ շրջանակը սահմանափակվում է Լեհաստանով եւ Հունաստանով:
Պաշտոնյայի խոսքով, ապագայում կլինի բանակցության տեսանելի արդյունք:
Նախօրեին պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է հայկական նոր սպառազինության, նոր մշակումների փակ ցուցադրություն, որին մասնակցել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Դրանից հետո տեղի է ունեցել ռազմարդյունաբերության խորհրդի նիստ:
Հայաստանի ռազմարդյունաբերական ներուժը ակնառու է, սակայն կա այն զարգացնելու, գեներացնելու խնդիր: Հազիվ թե տեսանելի հեռանկարում հնարավոր է պատկերացնել այդ խնդրի խորքային, երկարաժամկետ լուծում առանց ռազմարդյունաբերական ավելի խոշոր շղթայի կամ շղթաների մաս կազմելու:
Այդ տեսանկյունից, Հայաստանի այսպես ասած առաջնային ուղղություն դիտարկվում է Ռուսաստանը: Ավելին, Ռուսաստանը դիտարկվում է թերեւս «այլընտրանք չթողնող» ուղղություն: Իհարկե, նույն լեհական եւ հունական փորձը հուշում է, որ դա այդքան էլ այդպես չէ: Մյուս կողմից, Հայաստանի ռազմարդյունաբերական ճեղքման համար կարեւոր են առավել խոշոր նախագծեր, քան թե Հունաստանի, թե Լեհաստանի, թե հնարավոր է այլ պետությունների հետ մինչ այժմ իրականացված նախագծերը: Իսկ այդ դեպքում իհարկե առկա է հարց, թե արդյոք Մոսկվան կհանդուրժի որոշակի «անվտանգ» սահմանից դուրս հայկական ռազմարդյունաբերության այլ գործընկերոջ առկայությունը:
Միեւնույն ժամանակ, ռուսական ռազմարդյունաբերությունը ներկայում կարծես թե ունի խնդիրներ: Օրերս ռուսական մամուլում տեղեկություն էր հրապարակվել Սիրիայի ռազմարշավի ընթացքում ի հայտ եկած մի շարք թերությունների մասին: Դեռ պարզ չէ, թե որքան խնդիրներ պահվում են գաղտնի: Այդ ամենին կարող է ավելանալ նաեւ հունվարից ուժի մեջ մտնող ԱՄՆ նոր պատժամիջոցների ազդեցությունը, քանի որ դրանք տարածվելու են նաեւ ռազմարդյունաբերական համալիրի վրա:
Հայաստանն այդ իմաստով Ռուսաստանին արել է առաջարկ՝ ընթացիկ տարվա մարտին, երբ Սերժ Սարգսյանը մեկնում էր Մոսկվա: Նա Իզվեստիայում հանդես եկավ հոդվածով, որում առաջարկում էր Գյումրիի ռուսական ռազմակայանի բազայի վրա ստեղծել ռազմարդյունաբերական համալիր, արտաքին շուկաների կողմնորոշմամբ:
Նոյեմբերի 16-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը Պուտինի հետ քննարկել էր մարտին կատարած այցի շրջանակում ձեռք բերած պայմանավորվածությունների ընթացքը: Դրանց մեջ ներառվու՞մ էր Գյումրիի ռազմարդյունաբերական համալիրի վերաբերյալ Սերժ Սարգսյանի առաջարկը, պարզ չէ:
Միեւնույն ժամանակ, եթե Մոսկվան չի կարող հայկական ռազմարդյունաբերական ներուժի ծավալման համար լինել կայուն եւ վստահելի գործընկեր, անհրաժեշտ ծավալով, այդ թվում ներդրումային, ապա այդ հանգամանքը հայկական կողմի համար հիմք է դիմել այլ գործընկերների, փնտրել ներդրումային այլ ուղղություններ: Առավել եւս, որ այստեղ իհարկե առանցքային նշանակություն ունի խնդրի ռազմա-քաղաքական իրավիճակային համատեքստը, որը լիովին այլ բնույթ ունի մի շարք գործոնների բերումով, սկսած ապրիլյան պատերազմում հայկական զինուժի ռազմավարական հաղթանակից:
Դա հայկական ռազմա-քաղաքական դիվանագիտության համար բացել է ինքնիշխան գործունեության լայն դաշտ, եւ այդ հնարավորությունը չօգտագործելը պարզապես նշանակում է թիկունքից հարվածել զինված ուժերին եւ տարածաշրջանային կայունության ու խաղաղության հեռանկարին: Հայաստանի իշխանությանը դա չի ներվի թե ներսում, թե արտաքին աշխարհում:
Երեւանն անկասկած լավ է պատկերացնում դա: Իհարկե այլ հարց է, թե արդյո՞ք հնարավորությունը օգտագործվում է ամբողջ ծավալով: Սակայն նշմարվում է առաջարկներ գրեթե չորս ուղղությամբ՝ Ռուսաստանից բացի նաեւ ՆԱՏՕ, Չինաստան, Հնդկաստան: Ընդ որում, չի բացառվում նաեւ Իրանի տարբերակը: Համենայն դեպս այդ առումով ուշագրավ էր Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանն Իսրայելի վարչապետի բարձրացրած մտահոգությունը՝ Մերձավոր Արեւելքում Իրանի ռազմական ներկայության ընդլայնման մասով: Չի բացառվում, որ Իսրայելը այդ գործընթացում տեսնում է նաեւ հայկական ռազմարդյունաբերության տեխնոլոգիական ներկայություն:
Ամեն ինչ սակայն պետք է արտահայտվի շոշափելի արդյունքով, ընդ որում ոչ փակ, քանի որ ի վերջո ռազմարդյունաբերությունը պետք է ունենա թե տնտեսական, թե նաեւ ռազմա-քաղաքական էֆեկտ եւ ազդեցություն, ինչը պահանջում է արդյունքի հրապարակային դրսեւորում: Խոսքն անշուշտ ոչ թե արտադրական ցիկլի եւ տեխնոլոգիական մանրամասների, այլ շատ կոնկրետ պայմանավորվածությունների ազդարարման մասին է: Առավել եւս, որ ռազմարդյունաբերական բեւեռներից որեւէ մեկի հետ պայմանավորվածության պարագայում փակ ռեժիմը գործնականում անիմաստ է ինքնին:
Իսկ տեսանելի ապագայում կոնկրետ արդյունքի բացակայությունը թերեւս կիմաստազրկի ռազմա-տեխնիկական գործակցության մասին խոսակցությունները, միեւնույն ժամանակ նաեւ դառնալով նոր հնարավորությունների միջավայրային բարձր ֆոնի պարագայում հայկական քաղաքականության ցածր էֆեկտիվության ցուցիչ: