loading...

«Սոչիի նայողի» տհաճ անակնկալը. Իշխանությունը շտապ հրաժարվեց նրանից



Դիտումներ ` 1203
«Սոչիի նայողի» տհաճ անակնկալը. Իշխանությունը շտապ հրաժարվեց նրանից

Ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով, հաստատել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է, օգտագործում է դիվանագիտական համարանիշեր, ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր: Ռոբսոնը նշել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է:Ռոբսոնի դիվանագիտական անձնագրի մասին հայտնի դարձավ Չեխիայում ռուսաստանցի օրենքով գողերի հավաքի կապակցությամբ, որի կազմակերպիչներից մեկն, ըստ չեխական մամուլի, Ռուբեն Թաթուլյանն էր:

Այն ժամանակ տեղեկություն եղավ նաեւ նրա ձերբակալության մասին, սակայն Թաթուլյանը հերքեց այդ լուրը: Չի բացառվում, որ հենց ՀՀ դիվանագիտական անձնագրի շնորհիվ է նա խուսափել ձերբակալվելուց:Այս սկանդալից հետո այդպես էլ չպարզաբանվեց, թե ով եւ երբ է Թաթուլյանին շնորհել դիվանագիտական անձնագիր, եւ ինչ առիթներով է նա գործածում այն: Թաթուլյանը պարզաբանել է, թե ինչու՝ նա հայտարարել է, որ Նալբանդյանի խորհրդականն է: Բայց հարց է՝ նա դիվանագիտական անձնագիր ունի՝ որովհետեւ խորհրդակա՞ն է, թե՞ խորհրդական է նշանակվել դիվանագիտական անձնագրի համար:

Հետաքրքիր է՝ ինչ խորհուրդներ է տալիս Թաթուլյանը Նալբանդյանին, եւ ընդհանրապես նրանք երբեւէ հանդիպե՞լ են, թե ոչ: Թե՞ Սերժ Սարգսյանն է նրան տվել անձնագիրը:Այս հայտարարությունն առավել ուշագրավ է դառնում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Թաթուլյանը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում, օրենքով գողերին աջակցելու համար: 



ԱՄՆ-ն մի քանի ուղղություններով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի առանցքային հիմնասյուների՝ նավթագազային համալիրի, ռազմարդյունաբերական համալիրի եւ օրենքով գողերի դեմ:

Եվ այդ պատժամիջոցների ցանկում հայտնվել է ՀՀ եւ ՌԴ քաղաքացի, Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ, «Սոչիի նայող» Թաթուլյանը:Հայաստանի պաշտոնյաներն այս սկանդալի կապակցությամբ զգուշորեն ասում էին, թե կարեւորն այն է, թե տվյալ անձնավորությունն ինչ օգուտներ է բերում Հայաստանին: Ընդհանրապես, միջպետական հարաբերություններում տվյալ պետությունն առավելագույն արդյունավետության հասնելու համար պետք է ձգտի բազմաշերտ ու հորիզոնական կապեր հաստատել դիմացինի հանրային ու պետական բոլոր ինստիտուտների հետ:

Բայց հորիզոնականի իմաստն էլ հենց այն է, որ թացը չխառնվի չորին, օրինակ՝ գողերի հետ հարաբերվեն գողերը, դիվանագետների հետ՝ դիվանագետները, եւ այսպես շարունակ:Առավել եւս, եթե խոսքը Ռուսաստանի հետ հարաբերության մասին է, մի երկրի, որը հայտնվել է արտաքին զարգացումների թիրախում: Եվ առավել եւս՝ Ռուսաստանի ու Հայաստանի մեղմ ասած «ինտեգրման» պայմաններում:Մյուս կողմից, այդ «ինտեգրումը» հասել է այլասերման այնպիսի մակարդակի, որ հնարավոր են այլ, ավելի լուրջ սկանդալներ ու բացահայտումներ:


Բանն այն է, որ չի բացառվում, որ Հայաստանը, Հայաստանի պետական սուբյեկտության լեգիտիմ հնարավորությունները փորձ կարվի օգտագործել միջազգային արգելքները հաղթահարելու կամ շրջանցելու համար, որի մասին արդեն խոսում են հայ փորձագետները: Ռուսաստանի համար Հայաստանն արդեն իսկ դարձել է լրացուցիչ ձայն միջազգային ատյաններում, եւ ՀՀ անդամակցությունը միջազգային կառույցներին հարմար հարթակ է:

Թաթուլյանի այս հայտարարությունն ըստ էության հարված էր Հայաստանի իշխանությանը, որի վարկն աշխարհում առանց այդ էլ գտնվում է զրոյին մոտ դիրքերում: Մյուս կողմից, այդ հայտարարությունը կարող է դառնալ Հայաստանի շուրջ այլ գործընթացների խթան: Առավել եւս այն պարագայում, երբ նկատելի է, որ վերջին շրջանում միջազգային ասպարեզում Հայաստանին վերաբերվող խնդիրներն արդեն կարգավորվում են առանց Հայաստանի իշխանության: Մասնավորապես՝ Հայաստանին պրո-ռուսական բլոկներից պոկելու տեխնոլոգիաների ու սխեմաների համատեքստում:

Իսկ մինչ այդ, ՀՀ ԱԳՆ-ն «հրաժարվեց» Ռուբեն Թաթուլյանից. «Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, այժմ նա այդ կարգավիճակը չունի», այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Ավելի վաղ, Ռուբեն Թաթուլյանից հրաժարվել էր նաեւ կառավարությունը, հայտարարելով, որ նա այլեւս Կառավարության հիմնադրած Ներդրողների ակումբի անդամ չէ: Կօգնի՞ դա Հայաստանի իշխանությանը:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/167917


loading...

Փակել