Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է Արտակ Սահակյանի գործի դատական քննությունը:
38-ամյա Արտակ Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 3-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Արտակ Սահակյանը Երևանի Աբովյան փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ վիճել է Սամսոն Օ.-ի հետ, վիճաբանության ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Սամսոնին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս:
Ըստ դատական ակտի՝ Արտակ Սահակյանն իր վարձակալած «Օպել» մակնիշի մեքենայով կատարել է մասնավոր ուղևորափոխադրումներ: Նա հիմնականում մեքենան կայանել է Աբովյան փողոցի «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ: Այնտեղ ծանոթացել է նույն վայրում մեքենաները կայանող տաքսիստների՝ Սամսոնի ու Էդուարդի հետ:
Դեպքի օրը՝ 2017 թվականի մայիսի 3-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Արսեն Սահակյանը «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ է եղել՝ իր մեքենայի կայանման տեղում: Նա դանակով մաքրել է մեքենայի մոմերը՝ «սվեչաները»:
Այդ ընթացքում նույն վայրում մեքենաները կայանելու, ուղևորներ սպասարկելու հաջորդականությունը խախտելու հարցով միմյանց հետ սկսել են վիճել վերոհիշյալ վարորդներ Էդուարդն ու Սամսոնը:
Արտակ Սահակյանը միջամտել է նրանց վեճին:
Նա վիճել է Սամսոնի հետ ու այդ վեճի ընթացքով իր ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել է Սամսոնի որովայնի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ լյարդի ձախ բլթի վնասումով, արյունահոսությամբ ու հեմոռագիկ շոկով:
Դատարանում Արտակ Սահակյանն ընդունել է, որ ինքն է դանակով հարվածել տուժող Սամսոնին, բայց դա նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ չի արել:
Դեպքի պահին Սամսոնն ու Էդուարդը վիճում էին, ինքը ցանկացել է դադարեցնել այդ վեճը, միայն այդ նպատակով է միջամտել, բայց Սամսոնն իր ու Էդուարդի ծնողների հասցեին հայհոյանք է տվել: Ինքն այդ հայհոյանքը լսելով՝ զայրացել է ու անկախ իր կամքից ձեռքի դանակով, որով մինչ այդ մաքրում էր մեքենայի «սվեչաները», հարվածել է Սամսոնին:
Դրանից հետո ձեռքի դանակն ընկել է այնտեղ կայանված մեքենաների տակ:
Տուժողն ընդհանրապես գետնին չի ընկել:
Իրենց գոռգոռոցները լսելով՝ մոտեցել են ոստիկանության աշխատակիցներ, որից հետո իրենք այդտեղից հեռացել են: Ինքը Էդուարդին հայտնել է, որ Սամսոնին մեկ անգամ դանակով խփել է: Էդուարդը նախատել է իրեն:
Ինքն ու Էդուարդը գնացել են ոստիկանություն և հայտնել են կատարվածի մասին:
Տուժող Սամսոնը հայտնել է, որ ամբաստանյալի հետ նախկինում ընկերական հարաբերություններ է ունեցել: Դեպքից երեք ամիս առաջ ինքն ու Արտակը վիճել էին, դրանից հետո իրենց հարաբերությունները լարվել էին, մինչև դանակահարության օրը իրենք միմյանց հետ չէին խոսում:
Վկա Էդուարդի հետ ինքը նորմալ հարաբերությունների մեջ է եղել:
Սամսոնը նշել է, որ իր վարած տաքսին կանգնեցնում է սուպերմարկետի մոտ՝ իրենց տաքսի-ծառայությանը հատկացված կայանատեղիում: Դեպքի օրը իրեն զանգել են, այդ զանգին պատասխանելու համար ինքը մեքենան արագ կայանել է Էդուարդի մեքենայի մոտ՝ անհարմար դիրքով, բայց այնպես է կանգնել, որ չէր խոչընդոտի Էդուարդի մեքենայի ընթացքին:
Չնայած իրենք լավ հարաբերությունների մեջ էին, բայց Էդուարդը անմիջապես դժգոհել է: Ինքը նրան հայհոյել է, նա էլ իրեն է հայհոյել: Ինքը մոտեցել է Էդուարդին ու բռունցքով հարվածել է նրան: Իրենք միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել :
Տուժողն ընդգծել է, որ ինքն Արտակին ուղղված ոչ մի արտահայտություն չի արել: Բայց Արտակը, տեսնելով իրենց կռիվը, մոտեցել է, հայհոյել է իրեն, գրպանից հանել է դանակն ու հարվածել է իրեն:
Ինքն ընկել է գետնին՝ ցանկանալով պաշտպանվել դանակի հարվածներից: Իրենց երկու հոգի են մոտեցել, ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ ու դադարեցրել են կռիվը:
Ոստիկանների մոտենալու ժամանակ ինքը գետնին ինչ-որ առարկայի ընկնելու ձայն է լսել, կարծել է՝ իր ժամացույցն ընկավ, կռացել է, որ վերցնի, տեսել է՝ դանակն է ընկել, ու Արտակը ոտքը դրել է դանակի վրա՝ փորձելով թաքցնել այն:
Դանակը տեսնելուց հետո է ինքը հասկացել, որ դանակով է հարված ստացել, դրանից հետո իր ինքնազգացողությունը սկսել է վատանալ: Արտակն ու Էդուարդը հեռացել են: Ինքն էլ նստել է իր մեքենան ու գնացել է դեպի հիվանդանոց:
Վկա Էդուարդը նշել է, որ Սամսոնն իրեն ու Արտակին «ծնող» է հայհոյել այն դեպքում, որ իր ծնողը մահացել էր դեպքից երկու ամիս առաջ, իսկ Արտակի ծնողը մահացել էր դրանից երեք ամիս առաջ: Տուժող Սամսոնն էլ մասնակցել էր իրենց ծնողների հուղարկավորությանը:
Դեպքի պահին Արտակը մոտեցել էր իրեն ու Սամսոնին, որ վեճը հարթեցնի, բայց լսելով մահացած ծնողի հասցեին Սամսոնի հայհոյանքը, զայրացել է…
Վկան նշել է, որ դանակահարության պահը ինքը չի նկատել: Դեպքի վայրից հեռանալուց հետո Արտակն է իրեն ասել, որ դանակով խփել է Սամսոնին…
Դատարանը հաստատված չի գնահատել, որ տուժողը Արտակին հայհոյել է, վկա Էդուարդի ցուցմունքի այդ հատվածը գնահատվել է որպես վկայի կողմից Արտակին իր պաշտպանության տակ առնելու արտահայտություն:
Դատարանը հաստատված է գնահատել Արտակ Սահակյանին առաջադրված մեղադրանքը՝ արձանագրելով, որ նա տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցրել անուղղակի դիտավորությամբ:
Դատարանը հաշվի է առել, որ Արտակ Սահակյանի խնամքին են երկու անչափահաս երեխաները և վատառողջ հայրը: Արտակ Սահակյանը նախաքննության և դատական քննության ընթացքում ամբողջությամբ հատուցել է տուժողի կրած գույքային վնասը՝ բուժման ծախսերը:
Արտակ Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 11 ամիս 8 օր իրական ազատազրկման:
Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու օրից, երբ այս դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի: